
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հարավկովկասյան երկաթուղու՝ Ռուսաստանի հետ ունեցած կոնցեսիոն պայմանագրի խզման մասին, սադրիչ բնույթ ունի։ Այս մասին նա ասել է «Ալֆանյուզի» հետ զրույցում։
«Հարավկովկասյան երկաթուղու մասով Փաշինյանի հայտարարություններն ունեն սադրիչ բնույթ, քանի որ այդ նախագծի համար առկա է լիովին ամբողջական եւ ձեւակերպված փաստաթղթով ամրագրված կարգավիճակ, եւ միայն դատարանով կարելի է այն փոխել։ Հնարավոր է՝ Փաշինյանը հույս ունի, որ հենց այդպես էլ կարվի։ Չգիտեմ։ Ռուսական ղեկավարությունը, նախեւառաջ՝ կառավարությունը, հավաստիացրել են, որ նման բան հնարավոր չէ։ Ռուսաստանը կարող է կա՛մ համաձայնել հայկական կողմի առաջարկներին, կա՛մ չհամաձայնել։ Սակայն միայնակ հայկական իշխանությունները դժվար թե ինչ-որ բան անեն։ Ինչու։ Որովհետեւ դա կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել եւ անվերահսկելի կերպով քանդել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները»,- ասել է Մուխինը։
Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետի գործողությունները կարող են համակարգված լինել եվրոպական գործընկերների հետ։ «Այսպես կոչված՝ ազգայնացման մասին խոսակցությունները կամ նույնիսկ բռնազավթումը հնարավոր չեն։ Դրանք անօրինական գործողություններ են։ Դրանք կվիճարկվեն, եւ, դատելով ամեն ինչից, տուգանքները կլինեն բավականին բարձր։ Կասկածներ ունեմ, որ Փաշինյանը որոշակի հրահանգներ ունի՝ ստացած եվրոպացի կուրատորների կողմից եւ գործում է ըստ այդ հրահանգների։ Եթե նրանք նրան թելադրում են ստեղծել լարվածություն Հայաստանի տարածքում ռուսական նախագծերի հանդեպ, նա դա անում է»,- ասել է ռուս քաղաքագետը։