
Վերջին օրերին հանրությունը բավականին վրդովվեց Գեղարքունիքի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած բռնության դեպքից, երբ ուսուցիչը ծեծի էր ենթարկել երկրորդ դասարանի աշակերտուհուն: Բարձրացված աղմուկից հետո մանկավարժը ձերբակալվեց, նրա նկատմամբ տնային կալանք կիրառվեց: Իսկ երեկ տեղեկություն տարածվեց, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել Սիսիանում: Ուսուցիչը հարվածել է աշակերտին, աշակերտի եղբայրը նկարահանել է պրոցեսը եւ այն տրամադրել իրավապահներին: Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մասին «Հրապարակը» զրուցել է Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի գրականության երկարամյա ուսուցչուհի Լուսիկ Գասպարյանի հետ:
– Վերջին տարիներին շատ են քննարկվում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները: Աշակերտները նկարահանում են, թե ինչպես է ուսուցիչը դպրոցում դիմում բռնության մեթոդների, իսկ ծնողներն իրավապահներին են դիմում, եւ ողջ հանրությունն օրեր շարունակ քննարկում է այդ հարցը՝ հիմնականում դատապարտելով մանկավարժին, սակայն գաղտնիք չէ, որ նոր սերունդն էլ բավականին ագրեսիվ է, աշակերտները երբեմն հայհոյում են ուսուցիչներին, ծաղրում, թաքուն նկարահանում նրանց, բայց այդ մասին քիչ է բարձրաձայնվում: Ի վերջո` ո՞րն է այսօրվա մանկավարժի առաքելությունը: Ինչպե՞ս եք վերահսկում բարդ իրավիճակները:
– Իմ աշակերտները կփաստեն, ես նրանց դիտում եմ որպես իմ կրտսեր ընկերներ: Ես միշտ իմ տարիքից իջնում եմ, ու կարծես իմ աշակերտները լինեն իմ տարեկիցները: Ցանկացած իրավիճակում, ցանկացած պարագայում ես դեմ եմ բռնությանը, դեմ եմ տգեղ բառապաշարին եւ տգեղ արտահայտություններին: Ուսուցիչը դաստիարակող չէ, ամեն բան սկսվում է ընտանիքից, ուսուցիչը կրթող է, սակայն երբեմն լինում են պահեր, երբ ուսուցիչը ստանձնում է նաեւ դաստիարակողի դեր: Երեխաները բջջայիններից դուրս չեն գալիս, փողոցային երեւույթները շատացել են, եւ դրանք իրենց կնիքն են դնում երեխաների վրա: Ուսուցիչները պետք է աշակերտներին նայեն որպես ընկերոջ, հաճելի բարեկամի, որպեսզի աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները լինեն բարիդրացիական: Պետք է հասնել նրան, որ երեխան հասկանա` դպրոցում իրեն սիրող սրտեր են սպասում: Աշակերտը պետք է սիրով ստանա գիտելիք:
– Դուք տասնյակ տարիներ մանկավարժությամբ եք զբաղվում, տարբեր սերունդների հետ եք աշխատել: Սերունդների մեջ ի՞նչ տարբերություններ եք տեսնում:
– Նախորդ սերունդների եւ այսօրվա սերնդի միջեւ կա մի մեծ անջրպետ: Նախորդ սերնդի ծնողներն այսօրվա ծնողների պես չէին մտածում: Ես անհարմար եմ զգում, բայց պետք է ասեմ, որ այսօրվա աշակերտներին դաստիարակելուց առաջ պետք է այն սկսենք ծնողներից: Ծնողներն իրենց տեղում չեն: Եթե ծնողն իր տեղում լինի, երեխան անպայման իր տեղում կլինի: Իմ մայրը վաստակաշատ մանկավարժ էր: Երբ նա ծնող էր հրավիրում դպրոց, ծնողն ամոթից շիկնում էր, երեխային կշտամբում էր: Այսօրվա ծնողներն ասում են` չի սովորում երեխաս, թող չսովորի, դու ի՞նչ իրավունք ունես իմ երեխային դաս հարցնելու: Մի թարմ դեպք պատմեմ․ իմ դասարանում մաթեմատիկայի ուսուցիչն աշակերտին բազմապատկման աղյուսակից հարց է տվել, ասել է` չորս անգամ չորս ի՞նչ է անում։ Աշակերտը, նայելով ուսուցչի աչքերի մեջ, հարցին հարցով է պատասխանել` ինչո՞ւ եք ինձ աղյուսակ հարցնում։ Ուսուցիչը պատասխանել է` հարցնում եմ, որ սովորեմ…. պատկերացնո՞ւմ եք ուր ենք հասել, սա կենդանի անեկդոտ է:
– Ձեր կարծիքով՝ մերօրյա երեխաներն ինչո՞ւ են հայհոյախոս ու այսքան ագրեսիվ դարձել:
– Դա պայմանավորված է նրանով, որ համացանցում ամեն վատ բան կա: Վատը երեխան շատ արագ է ընդօրինակում, քան լավը, բայց, ինչու չէ՝ ընտանիքները եւս նպաստում են այդ ամենին: Եթե ընտանիքներում գռեհկաբանություն չկիրառվի, եթե ծնողներն իրենց լեքսիկոնի վրա ուշադրություն դարձնեն, ինձ թվում է` մենք լավ աշակերտներ կունենանք: Երեխաները խոսում են ժարգոնով, փողոցային բառապաշարով, ինչն ընդունելի չէ: Երեխաները շատ են հեռացել գրքերից: Գիրքը մեզ համար արժեք էր, այսօր` ոչ: Տարիներ առաջ գրախանութներում հերթեր էին, այսօր գրքերը տրցակներով դուրս են նետվում:
– Փոխվել են ժամանակները, ասում են` մեթոդները նույնպես պետք է փոխվեն, որպեսզի երեխաները հետաքրքրություն ունենան գրականության հանդեպ:
– Մեթոդները թող փոխվեն: Հազար տեսակ մեթոդ ենք կիրառում, բայց գիրքն ի՞նչ մեղք ունի, որ տրցակներով աղբամանն են նետում: Հոգիս մղկտում է: Վերջերս մի տատիկ հատակի վրա Պարույր Սեւակի հատորներն էր վաճառում` հատը 200 դրամով: Գնեցի գրքերը, որպեսզի դրանք գետնի վրա չտեսնեմ:
– Երբ Ձեզ բարկացնում են աշակերտները, ինչպե՞ս եք նրանց սաստում:
– Իմ աշակերտներն իրենց չափը չեն անցնում: Դա ինձնից էլ է գալիս: Ես չեմ հիշում նման դեպք, որ ես աշակերտին ապտակած լինեմ: Գուցե ձայնիս տոնը բարձրացնեմ, բայց իմ աշակերտներն իրենց չափն իմացող երեխաներ են: