Ալիեւը հրապարակայնացնում է Փաշինյանի նկատմամբ ունեցած իր գերիշխանությունը

Ադրբեջանի նախագահը հերթական թակարդն է գցել Նիկոլ Փաշինյանին՝ հիմա էլ Հայաստանին թշնամացնելով Իրանի հետ: ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի շրջանակներում գտնվելով Թուրքմենիայի մայրաքաղաք Աշխաբադում՝ Ալիեւը X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Խաղաղության նոբելյան մրցանակի: «Ի նշան խաղաղության գործընթացում նրա նշանակալի ավանդի, Ադրբեջանը եւ Հայաստանը, իմ նախաձեռնությամբ, համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության նոբելյան մրցանակի համար: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու պատմական ջանքերը պատշաճ ճանաչում կստանան այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակի շնորհման որոշում կայացնելիս»,- գրել է Իլհամ Ալիեւը:

Ալիեւը միտումնավոր Խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրում մի մարդու, որին հարեւան Իրանում համարում են իրենց գլխավոր թշնամի եւ պատերազմի հրձիգ, որի նախաձեռնությամբ արդեն մեկ տարուց ավելի է՝ ԱՄՆ-ն շարունակական հարվածներ է հասնում Իրանի տարածքին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին, որի արդյունքում սպանվել են ոչ միայն Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության բազմաթիվ նշանակալի դեմքեր, նաեւ երկրի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, այլեւ՝ հազարավոր քաղաքացիական անձինք: Դա նույնն է, որ Իրանի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրի Խաղաղության նոբելյան մրցանակի՝ հայտարարելով, որ նա նշանակալի ներդրում է ունեցել Իրանում խաղաղության հաստատման գործում՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի տարածքի նկատմամբ:

Ընդամենը օրեր առաջ, երբ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում աշխատող Արարատ Միրզոյանը հանդիպում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, վերջինս, անդրադառնալով ԱՄՆ-ի եւ նրա նախագահի խաղաղասիրական գործունեությանը, ասել էր. «Ամերիկացիները պատասխանատվություն չեն կրում այն հանցագործության համար, որի ընթացքում նրանք սպանել են 168 անմեղ աշակերտուհիների, եւ չեն ամաչում դրանից՝ շարունակելով պաշտպանել մարդու իրավունքները։ Աշխարհը, որը հայտարարում է իր քաղաքակիրթ լինելու մասին, մինչդեռ գործնականում դարձել է բարբարոսական, ահա մեր այսօրվա խնդիրը։ Թշնամու հետ, որն ահաբեկում է, պատժամիջոցներ է սահմանում, ճնշում է գործադրում եւ ամեն օր սպառնում եւ որը խախտում է պայմանագրերը, բանակցելն անիմաստ է, եւ մեր երկիրը նման մոտեցում չի ընդունում»։

Ինչո՞ւ է Ալիեւը նման քայլի գնում եւ ի՞նչ նպատակ է հետապնդում դա անելով: Մի կողմից, նա փորձում է շողոքորթել ԱՄՆ նախագահին՝ տեղյակ լինելով, թե որքան բարձր է նա գնահատում իր հասցեին արվող նման քայլերը, որքան է նա ձգտում իր արյունոտ ձեռքերը թաքցնել կամ մաքրել Խաղաղության նոբելյան մրցանակի ներքո: Մյուս կողմից, ուզում է ցույց տալ, որ Փաշինյանն իր ենթական է՝ ինչ նախաձեռնություն էլ ինքը դրսեւորի, կարող է ստիպել Փաշինյանին՝ միանալ դրան, Փաշինյանն այդքան կամք չունի՝ մերժելու իրեն: Սրանով նա Իրանին եւ մյուս երկրներին ցույց է տալիս, որ Հայաստանը, որպես անկախ եւ ինքնուրույն պետություն, գոյություն չունի, այդ երկիրը նրա ղեկավարի միջոցով կառավարում է ինքը: Նման քայլով նա փորձում է Հայաստանին թշնամացնել հարեւան եւ բարեկամ Իրանի եւ այդ երկրի իշխանությունների հետ, որովհետեւ Իրանի դեմ հարձակում հրահանգած եւ Իրանի իշխանությանը տապալել փորձող մարդուն որպես խաղաղարար ներկայացնելն անթաքույց թշնամություն է Իրանի դեմ ու ծաղր այդ մրցանակի տրամաբանությանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանի իշխանությունը եւ անձամբ Ալիեւը երբեք չի էլ թաքցրել, որ Իրանի դեմ գործող ԱՄՆ-Իսրայել զույգի դաշնակիցն ու գործընկերն է, եւ այդ իմաստով նա ոչինչ չունի կորցնելու: Երբ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի օդային տարածքը փակելու որոշման մասին, Ադրբեջանն առաջինը դրականորեն արձագանքեց այդ հրահանգին՝ անտեսելով իր մերձավոր հարեւանի շահերը:

Բոլորը տեսնում են, թե ինչ ողորմելի եւ ողբերգական վիճակի է հասցրել Հայաստանը Նիկոլ Փաշինյանը, բայց ոչնչով չեն կարող օգնել Հայաստանին: Որովհետեւ օգնել հնարավոր է միայն ինքնիշխան երկրներին, Իրանը քանիցս օգնության ձեռք է մեկնել Հայաստանին՝ փորձելով նրան ազատել ամերիկա-թուրք-ադրբեջանական բազմակի գերությունից, բայց եթե անգամ այդքան անկախություն չունես՝ բռնելու քեզ մեկնված օգնության ձեռքը, ինչպե՞ս քեզ օգնեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *