Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդը մասնակցել է Սավոյական արքայական տան ամենամյա համաժողովին

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Սավոյական արքայական ընտանիքի հրավերով, Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցեց Սավոյական արքայական տան Օրդենների տարեկան համաժողովին, որը գլխավորում էր Նորին Արքայական Մեծություն Պիեմոնտի և Վենետիկի իշխան, Արքայազն Էմանուելե Ֆիլբերտո դի Սավոյան։

Համաժողովին ներկա էին նաև Հայոց Արքայական Տուն կազմակերպության պատվիրակները։ Սավոյական արքայական տան ամենամյա համաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպել էր դոկտոր Ռուբեն Ղազարյանը։

Հայ պատվիրակության անդամները, Սավոյական արժանիքների շքանշանակիրների, արքայական տան անդամների, ինչպես նաև Եվրոպայի, Ասիայի և Արևելքի ազնվական ընտանիքների ներկայացուցիչների հետ միասին, Թուրինի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ Մայր տաճարում մասնակցեցին ասպետական տարբեր աստիճաններ ունեցող տղամարդկանց և կանանց օրհնության արարողությանը։

Նվիրական այդ օրվա Սուրբ Պատարագը նախագահեց Նորին Ամենապատվություն Կարդինալ Ֆրանսուա-Խավիեր Բուստիլյոնը։ Արարողությանը ներկա էին նաև Հայոց Արքայական Տուն կազմակերպության անդամները, որոնք հնարավորություն ունեցան հանդիպելու և մտքեր փոխանակելու Արքայազն Էմանուելե Ֆիլբերտո դի Սավոյայի հետ։

Թուրին այցի շրջանակում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին թագավորական պալատ, ծանոթացան քաղաքի պատմամշակութային հարուստ ժառանգությանը և հնարավորություն ունեցան վայելելու Իտալիայի գեղատեսիլ բնությունը։

Պատմական ակնարկ

Սավոյական արքայական տունը Եվրոպայի հնագույն արքայական տոհմերից է։ Սավոյական դինաստիայի պատմությունը սկիզբ է առնում XI դարից։ Սավոյական արքայական տունը 1861 թվականին Իտալիան հռչակեց միասնական թագավորություն։

Թուրինում Սավոյական արքայական ընտանիքի կողմից կառուցված և պահպանված պատմական նստավայրերի համալիրները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հայոց և Սավոյական արքայական տների պատմական առնչությունների համատեքստում կարևոր տեղ է զբաղեցնում Կիլիկիայի Հայոց թագավորությունը։ 1198 թվականին Կիլիկիայի Հայոց իշխանապետության Լևոն Բ իշխանը ճանաչվեց Հայոց թագավոր։ Նրա թագադրության արարողությունը տեղի ունեցավ 1198 թվականի հունվարի 6-ին՝ Աստվածահայտնության տոնի օրը, Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում։

1375 թվականին Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից հետո հայկական թագավորական Լուսինյան արքայատոհմը շարունակեց թագավորել Կիպրոսում։

Համաձայն ներկայացվող պատմական վկայությունների՝ 1485 թվականի փետրվարի 25-ին Վատիկանում Հայոց թագավորական՝ «Rex Omnium Armenorum» տիտղոսը, Հռոմի Իննոկենտիոս VIII պապի միջնորդությամբ և կարդինալական նոտարների վավերացմամբ, Կիպրոսի Լուսինյան արքայատոհմից անցել է Սավոյական արքայական տանը՝ Կառլոս Մեծ Սավոյացուն։

Տիտղոսի փոխանցման վերաբերյալ փաստաթուղթը, ըստ ներկայացվող տեղեկության, պահպանվում է Իտալիայի Հանրապետության պետական արխիվներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *