Ֆրանսիան հետաքննում է Ադրբեջանում Thales-ի կոռուպցիոն գործարքները

Ֆրանսիայի Ազգային ֆինանսական դատախազությունը 2023 թվականի հունիսից հետաքննում է ֆրանսիական Thales պաշտպանական և տեխնոլոգիական խմբի միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Ադրբեջանում նրա գործունեության հետ կապված ենթադրյալ կոռուպցիոն դեպքերը։ Այս մասին AFP-ին հայտնել են դատախազությունից։

Հետաքննությունը վերաբերում է արտասահմանում ռազմական և քաղաքացիական սարքավորումների վաճառքի ընթացքում ենթադրյալ խախտումներին։ 2024 թվականի հունիսին քննիչները խուզարկություններ են իրականացրել Thales-ի օբյեկտներում։ Le Monde-ը գրել է, որ խուզարկություններն ընդգրկել են ընկերության տարածքները մի քանի երկրներում։

Thales-ը հրաժարվել է մեկնաբանել ընթացող հետաքննությունը։

Գործը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանում Thales-ի նախկին ղեկավար Մեհմեթ Շահանի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո։ Նա 2022 թվականի փետրվարից բանտարկված է այդ երկրում։

Ֆրանսիայի և Թուրքիայի երկքաղաքացիություն ունեցող Շահանը յոթ տարի ղեկավարել է Thales-ի գործունեությունն Ադրբեջանում։ Նրան մեղադրել են ընկերության գործառնական միջոցներից մոտ 5 միլիոն եվրո յուրացնելու մեջ։ Նա հերքում է մեղադրանքները։

2026 թվականի ապրիլին ադրբեջանական դատարանը ուժի մեջ է թողել Շահանի նկատմամբ սահմանված 10 տարի ազատազրկման պատիժը և պարտավորեցրել նրան 4 միլիոն եվրո փոխհատուցում վճարել՝ յուրացման և փաստաթղթերի կեղծման համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, սակայն հրաժարվել է մեկնաբանել գործի էությունը կամ անդրադառնալ Le Monde-ի՝ կալանքի ընթացքում նրա առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ մտահոգություններին։

Thales-ը հերքել է ընկերությանը կոռուպցիայի հետ կապող մեղադրանքները՝ դրանք որակելով որպես անհիմն և մոլորեցնող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *