Ես գիտեմ, թե ինչ են ինձանից սպասում, գիտեմ, թե ինչ են ակնկալում իմ թիմակիցները․ Մխիթարյան

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Սերիա Ա-ի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը։ «Ներաձուրիների» երրորդ գոլը հեղինակեց Մարկուս Թյուրամը՝ օգտվելով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից։

Հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու նախկին կիսապաշտպանը պատասխանել է sportmediaset-ի լրագրողի հարցերին․

«Մենք սկսեցինք շատ ուժեղ, խփեցինք 3 գոլ և հետո վերահսկեցինք խաղը։ Չնայած կարող էինք ավելի շատ գոլեր խփել, այսօր դա տեղի չունեցավ»,- ասել է հայ ֆուտբոլիստը։

Անդրադառնալով իր խաղաժամանակին և թիմակիցների վնասվածքներին՝ կիսապաշտպանն ընդգծել է, որ բոլորն էլ շատ կարևոր են «Ինտերի» համար.

«Ցավում եմ վնասվածք ստացած Կուրտիս Ջոնսի և Ջոն Սթոունսի համար, բայց դա ֆուտբոլի մի մասն է։ Մենք պետք է նայենք առաջ և պատրաստ լինենք օգնելու թիմին, քանի որ մեզ 27 օրում շատ խաղեր են սպասվում, և պետք է պատրաստ լինենք բարձր մակարդակով դիմակայելու բոլոր մրցակիցներին։ Ինձ համար կապ չունի՝ կխաղամ 90, 60, թե 15 րոպե։ Ես գիտեմ, թե ինչ են ինձանից սպասում, գիտեմ, թե ինչ են ակնկալում իմ թիմակիցները, և անում եմ հնարավոր ամեն ինչ նրանց օգնելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *