«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում 213 անձ է ընդգրկված՝ 72 կին, 141 տղամարդ․այսօր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց հետո ասաց դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա՝ ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն առաջադրվել է «Առաջ» աջակենտրոն կուսակցության ցանկով։
«Մենք ընտրություններին մասնակցում ենք, իհարկե, հաղթելու ակնկալիքով»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Ինչո՞ւ ընդդիմությունը մանդատները վայր չի դնում, ի՞նչ արդյունավետություն է ցուցաբերում խորհրդարանում՝ որպես ընդդիմություն՝ հարցին նա պատասխանեց․«Ես կարող եմ իմ անունից պատասխանել՝ ես իմ որոշումով ցուցակում հետին տեղում եմ, հենց այդ պնդումով, որպեսզի նախ հանրությանը նաև ու մեր մյուս ընդդիմադիր գործընկերներին ասենք, որ տղե՛րք, մանդատի կռիվ չի սա, սա կա՛մ իշխանությունը փոփոխվում է, և մենք վերադառնում ենք արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի հայեցակարգին, կա՛մ այդ մանդատը ոչ մի բանի պետք չի գալու, եթե մնաց այս հարաբերակցությունը»։
Նա նշեց, որ իրենք մտադիր են ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնությունը․«Եվ հասարակությունն այդ վստահությունը ներշնչում է մեզ, մեր շփումները, մեր այս ընթացքում գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը, նրանց մտահոգությունները տալիս է այդ վստահությունը, որ այս ընտրություններում փոփոխվելու է իշխանություն, և ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրն իր առաջ ունենալով՝ գնա համագործակցության հետընտրական շրջափուլում»։
Անդրադառնալով ընդդիմության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «պատերազմի եռագլուխ կուսակցություն» ձևակերպմանը՝ նա ասաց․ «Հայտնի անձնավորությունն ինքն ունենալով մի գլուխ՝ այնքան արհավիրք է բերել մեր երկրին, որ ի՞նչ եռագլուխ, ի՞նչ տասագլուխ, ի՞նչ հարյուրագլուխ, որևէ մեկը չի կարող մրցել իր էս արհավիրքների հետ»։