ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար կառավարությունը ծախսել է շուրջ 290 միլիոն դրամ։ Պատգամավորը ներկայացրել է մի շարք ապրանքների գնման պայմանագրերի և շուկայում առկա գների համեմատությունը՝ պնդելով, որ դրանցում հնարավոր էր զգալիորեն խնայել պետական միջոցները։
Մանուկյանի խոսքով՝ պայմանագրերում բացակայում են ապրանքների բնութագրերը, ինչի պատճառով նա սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է շուկայում առկա առաջարկները։
«Թերմոս՝ 16500 հատ, որից յուրաքանչյուրը՝ 7800 դրամ։ Ես իրականացրեցի շուկայի փոքրիկ վերլուծություն, ձեռք բերեցի մեր շուկայում առկա լավ որակի չորս տարբեր մոդելի թերմոս։ Դրանց արժեքը տատանվում է 2000-ից մինչև 3500 դրամի սահմաններում՝ մանրածախի համար։ Եթե ես դրանց վրա անեի բրենդային տպագրություն, կծախսեի ևս 1000 դրամ, այսինքն՝ մանրածախ ամենաթանկ գինը կունենայի 4500 դրամ՝ ձեր ձեռք բերած 7800-ի փոխարեն»,– հայտարարել է պատգամավորը։
Նա ներկայացրել է նաև բեյջերի թելերի, էկոպայուսակների և կրծքանշանների ձեռքբերման գները։
Մանուկյանի փոխանցմամբ՝ պետությունը գնել է 19700 հատ բեյջի թել՝ յուրաքանչյուրը 1200 դրամով։ Նրա խոսքով՝ շուկայում նմանատիպ ապրանքի գինը հիմնականում չէր գերազանցում 55 դրամը, իսկ շուկայի մասնագետների գնահատմամբ՝ ամենաբարձր որակի և բրենդային տպագրությամբ տարբերակը կարող էր արժենալ 600 դրամ։
Պատգամավորը նշել է, որ ձեռք է բերվել նաև 10650 հատ էկոպայուսակ՝ յուրաքանչյուրը 3432 դրամով, մինչդեռ ինքը մանրածախ վաճառքում բրենդավորված էկոպայուսակ է գտել 3000 դրամով։
Կրծքանշանների մասով Մանուկյանը հայտնել է, որ գնվել է 18550 հատ՝ յուրաքանչյուրը 2340-2964 դրամով։ Նրա պնդմամբ՝ շուկայում ամենաբարձր որակի կրծքանշաններն արժեն մոտ 1800 դրամ։
«Չլինելով գնումների մասնագետ և ծախսելով ընդամենը մեկ օր՝ ինձ հաջողվեց այս պայմանագրում խնայել 84 միլիոն 984 հազար 600 դրամ»,– հայտարարել է Լիանա Մանուկյանը։