ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։
«Կողմ» է քվեարկել 66 պատգամավոր, «դեմ»՝ 0, ձեռնպահ է մնացել 21 պատգամավոր։
Միջոցները կուղղվեն Հայաստանում բնակարանային ապահովմանը և հիփոթեքային շուկայի զարգացմանը վերաբերող ծրագրին։ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերը ստորագրվել են 2026 թ.-ի ապրիլի 29-ին և 30-ին։
284,4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր»-ն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 109 հազար անձանց համար բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացման և իրականացման գործընթացների կատարելագործմանը։
Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչից՝ բնակարանային սուբսիդիաներ և ինստիտուցիոնալ զարգացման աջակցություն, բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացում, ծրագրի կառավարում, հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում։
Նախատեսված ֆինանսավորումը, որը տրամադրվելու է փուլ առ փուլ՝ սահմանված ցուցանիշներին և արդյունքներին հասնելուն պես, ներառում է՝ 240 մլն դոլար (ՎԶԵԲ վարկային միջոցներ), 24,4 մլն դոլար՝ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (GCFF) դրամաշնորհային միջոցներ, 10 մլն դոլար՝ ՎԶԵԲ հավելյալ եկամուտների հաշվին ֆինանսավորվող «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի (Livable Planet Fund, LPF) դրամաշնորհ և 10 մլն դոլար՝ ՎԶԵԲ վարկ՝ Ազգային հիփոթեքային ընկերությանը՝ ծրագրի երկրորդ բաղադրիչն իրականացնելու համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը հայտնել է, որ բնակարանային ապահովման ոլորտում տեղահանված ընտանիքներին պետական աջակցության ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է շուրջ 880 մլն դոլար։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում շուրջ 45 հազար տեղահանված անձ կստանա դրամական աջակցություն, իսկ տեղահանվածների թվից 6,5 հազար ընտանիք կկարողանա բնակարանային սերտիֆիկատներ ստանալ։
Քոչարյանը նշել է, որ ՎԶԵԲ 240 մլն դոլարի վարկի մարման ժամկետը 29 տարի է, որից 10 տարին՝ արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը՝ լողացող, մարման ժամկետը՝ մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ պետական բնակարանային ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հավաստագրեր 2026 թ.-ի հոկտեմբերի 5-ի դրությամբ ստացել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8563 ընտանիք։ Իրացվել է 4911 հավաստագիր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են Երևանին հարակից համայնքներում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար բնակարանային հավաստագրի չափն ավելացնել 3 մլն-ից մինչև 4 մլն դրամ։
2026 թ.-ի հունիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների աջակցության համար 2025 թ.-ին պետական բյուջեից փաստացի հատկացվել է 45,7 մլրդ դրամ, իսկ 2023 թվականից ի վեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 146 մլրդ դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է շուրջ 800 մլրդ դրամ ուղղել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի իրականացմանը։