Թշնամուն գյոռբագյոռ անելու վերջը – Հրապարակ

Փաշինյանը ճիշտ է ասում՝ մենք իսկապես 2020 թվականի պատերազմից հետո «մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու համար»: Մնում է ճշտել՝ իսկապես հասել ենք թե ոչ: Իր ասելով, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է»։ Իրականում դա կեղծիք է: Խաղաղությունը կայացած փաստ կլիներ այն դեպքում, եթե, նախ, ստորագրված լիներ խաղաղության պայմանագիր: Երկրորդ, դրա հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված լինեին դիվանագիտական հարաբերություններ: Բայց ինչպես կարող է տեսնել նույնիսկ կույրը, պայմանագիրը չկա, Բաքվում և Երևանում դեսպանատներ չկան: Բայց դա նորմալ է, քանի որ 2018-ից այս կողմ չի եղել մի երևույթ, որ կասկածի ենթական չլիներ կամ չլինի: Նույնիսկ խայտառակ պարտության հանգամանքն էր կասկածի ենթակա, քանի որ մինչ այդ մենք «հաղթում էինք» թշնամուն: Եվ ոչ միայն հաղթում, այլև գյոռբագյոռ էինք անում նրան:

Բայց վաղուց արդեն ադրբեջանցին թշնամի չէ: Չէ, նա թշնամի է, բայց ինձ համար, ինձ նմանների համար: Իսկ թշնամի չէ նրա համար, նրա նմանների համար, ովքեր թքած ունեն հայրենիքի ճակատագրի վրա: Որոնց համար գլխավորը ոչ թե հայրենիքն է, այլ հացն ու թամաշան՝ ինչպես հին հռոմեացիներն էին արձանագրել երկու հազար տարի առաջ: Ինչևէ, մենք իսկապես մեծ ճանապարհ ենք անցել: Անցել ենք «չշշկռվելիք» անձի գերագույն հրամանատարությամբ 2020-ի նոյեմբերի 9-ին խայտառակ պարտությունն արձանագրելուց հետո: Մենք թշնամուն ենք հանձնել արցախյան տարածքներ, այնուհետև ողջ Արցախն ու ռազմավարական բարձունքներ բուն Հայաստանից: Ինչպես նաև հյուսիս-հարավ ճանապարհի ռազմավարական հատվածը: Մեզ անընդհատ սպառնացել և ստորացրել է վերը նշված անձի երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկերը»: Բայց մենք հերոսաբար ծպտուն չենք հանել: Հերոսաբար, քանի որ նոյեմբերի 9-ից այս կողմ հերոսը ոչ թե հայրենիքի համար կյանք տվողն է, այդ անձին ու նրա ենթականներին հարստանալու հնարավորություն ապահովողը:

Ինչպե՞ս՝ կհարցնեք: Ասեմ՝ պետական բյուջեին հարկ վճարելով: Որը պետք է ծառայեր առաջին հերթին շարքային քաղաքացուն: Սակայն ծառայում է առաջին հերթին հենց նրան: Եթե այդպես չլիներ, ապա խեղճ ու կրակ թոշակառուների խղճուկ թոշակը՝ իր նմանների աշխատավարձերի ու պարգևավճարների հետ համեմատած, խղճուկ 1000 դրամով չէր բարձրացնի «քելեխի» հաշվին: Աչքիս շատ ճիշտ էր երբեմնի «ճշմարտախոս» Հովհաննիսյան Արծրունը՝ երբ խոսում էր գյոռբագյոռ անելուց: Քանի որ այն, ինչպես երևաց կարճ ժամանակ անց, ուղղված էր մեզ և ոչ թե թշնամուն: Ինչը 6 տարի անց կրկին հաստատվեց՝ երբ ինչ-որ անբարոյական մեկի ուղեղում ծագեց թոշակի բարձրացման նման աննորմալ մեխանիզմ: Ի դեպ, նրանց համար, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ պարսկերենից հայոց բարբառներին անցած «գյոռբագյոռ» բառը նշանակում է հենց «գերեզմանից գերեզման»: Փաստորեն, «գերեզմանից» խլված փողով են Նիկոլենք բարձրացնում թոշակը՝ թոշակառուների համար կարծես թե հարթելով ճանապարհ դեպի գերեզման: Դա որպես 67-ամյա թոշակառու եմ ասում:

Ինչպես տեսնում ենք, մենք իսկապես մեծ ճանապարհը ենք անցել: Ու դրա համար պահանջվել է ընդամենը 6 տարի: Այլ ազգեր այդ ուղին կանցնեին՝ եթե արժանանային նման դժգույն բախտի, մի քանի տասնամյակի ընթացքում: Այդ հարցում մենք ռեկորդակիր ենք՝ արժանի Գինեսի ռեկորդների գրքում արձանագրվելու: Որքան հիշում եմ՝ մեր երկրում բազմաթիվ երևույթներ են արձանագրվել, որ արժանի էին նման «պատվի»: Բնականաբար, աննորմալ երևույթների առումով: Ինչը հատկապես մեծ թափ հավաքեց 2018-ի իշխանափոխությունից հետո: Այնպես որ հայաստանցին կարող է նաև հպարտանանալ. աննորմալությունների հարցում մենք եթե առաջինը չենք աշխարհում, ապա վստահաբար առաջին հնգյակում ենք: Ու, որքան հասկանում եմ, Փաշինյանի վարչապետության օրոք ձգտում ենք լինել առաջինը: Դժբախտաբար: Դե իսկ որպեսզի խուսափենք այդ «պատվից»՝ անհրաժեշտ է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով մեր հայրենիքն ազատել գործող իշխանությունից: Ինչը հնարավոր է՝ եթե հայտնվի այն հայը, ով իր հետևի կտանի մնացածներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *