Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, որ այսօր քաղաքապետարանում աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենում։
«Մենք այսօր պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձի չափերն արդեն բյուջեով։ Այսօր պարզապես գործակիցներն ենք ֆիքսում, ինչը տեղի է ունենում ամբողջ պետական համակարգում և մյուս տեղական ինքնակառավարման մարմիններում՝ մարզերում, և Երևանը չի կարող անմասն մնալ այդ պրոցեսից»,- ասել է Արմեն Գալջյանը և հավելել, որ գործակիցները ֆիքսելով՝ հնարավոր կլինի հետագայում հաշվարկել աշխատավարձերի չափերը։
«Ուզում եմ մի փաստ հնչեցնել, քանի որ մամուլում շատ գրվեց, որ քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենում։ Իրականում, եթե մենք համեմատենք աշխատավարձ/պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- շեշտել է նա և ընդգծել, որ թյուրընկալման տեղիք է տրվել։