Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են (տեսանյութեր)


Տեսանյութեր


ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների 2026 թվականի աշխարհի առաջնությունը։


Մրցումային առաջին իսկ օրը Արմեն Բաբալարյանի գլխավորած հայկական պատվիրակության համար տպավորիչ ստացվեց. Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ նվաճել է եզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։


Մինչև 72 կգ քաշայինների պայքարում Մ20 աշխարհի գործող չեմպիոն Գասպար Տերտերյանը շարունակում է փայլուն ելույթները նաև Մ23 տարիքային խմբում: 1/8 եզրափակիչում վրացի Նիկա Բրոլաձեին (3:1) և քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Մագոմեդ Բարախոևին (9:0) վստահորեն հաղթելուց հետո, հայ ըմբիշը կիսաեզրափակիչում ծանր գոտեմարտ անցկացրեց: Տերտերյանը կամային բարձր որակներ դրսևորեց՝ կոլումբիացի Նիլսոն Սինիստերային զիջելիս բեկելով գոտեմարտի ընթացքն ու հաղթելով 3:2 հաշվով։

Ոսկե մեդալի համար Տերտերյանը կգոտեմարտի Ղազախստանը ներկայացնող Յուսուֆ Աշրապովի հետ։


Նույնքան դիտարժան էր 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանի գոտեմարտերի շարքը։ Նա մեկնարկում 10:2 հաշվով առավելության հասավ սերբ Օգնեն Յակովլևիչի նկատմամբ, ապա 1/8 եզրափակիչում ռևանշի հասավ ուզբեկ Ալիմջոն Սոատուլաևի նկատմամբ (3:2), որին պարտվել էր 2025 թվականին։ Քառորդ եզրափակիչում Մ23 Ասիայի չեմպիոն, ղրղզ Էռլան Մարս Ուուլուի արգելքը հաղթահարելուց հետո (1:1՝ վերջին միավորի կանոնով), հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնեց Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յոհանսոնին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *