Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար և փոխվարչապետ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը նշել է, որ Եվրոպան պետք է պաշտպանական ոլորտում որդեգրի «պատերազմական ռեժիմի» մտածելակերպ, հակառակ դեպքում` վտանգի կենթարկի եվրոպացիներին ապագայում․ հայտնում է Euronews-ը։
«Հենց սա է անում Ռուսաստանի Դաշնությունն այս պահին։ Մենք չենք կարող անտեսել այս փաստը», – նշել է նա։
Կանխատեսվում է, որ 2026 թվականին Ռուսաստանն իր զինված ուժերի վրա կծախսի ՀՆԱ-ի 7․5%-ը։
Էստոնական հետախուզության վերջին զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Ռուսաստանն արտադրել է մոտ 7 միլիոն հրետանային, ականանետային, տանկային և հրթիռային արկ։ Ներկայում ռուսական ուժերն Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ընթացքում օրական օգտագործում են մոտ 10․000-15․000 արկ։
Ի հակադրություն դրա՝ Եվրոպայի ռազմական արդյունաբերությունը ձևավորվել է տասնամյակներ շարունակվող թերֆինանսավորման և մասնատվածության պայմաններում։
Ռուսաստանը զինամթերքի արտադրության ծավալներով գերազանցում է ԵՄ-ին. Եվրոպայի պաշտպանական պատրաստվածության վերաբերյալ արտահոսած զեկույցի համաձայն՝ ակնկալվում է, որ ԵՄ անդամ 27 երկրները և Նորվեգիան այս տարի կարտադրեն ընդամենը 2 միլիոն 150 մմ տրամաչափի արկ։
Սպառազինման ուղղությամբ եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի անդամների ձեռնարկած քայլերը հանգեցրել են պաշտպանական ծախսերի ամենամեծ տարեկան աճին՝ սկսած Սառը պատերազմի ժամանակաշրջանից։ Չնայած դրան, զեկույցի համաձայն, 2025 թվականին ԵՄ անդամ երկրների պաշտպանական ծախսերի ընդհանուր ծավալը գնահատվել է 418 միլիարդ եվրո, ինչը կազմում է ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ի 2․2 %-ը։
Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ «ժամանակն է», որ Եվրոպան նախապատրաստվի ինքնապաշտպանությանը՝ բազմապատկելով պաշտպանական արտադրության ծավալները։ Նա նախազգուշացրել է, որ դա չանելը «թանկ» կնստի եվրոպացիների վրա։
Ըստ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերի՝ Լեհաստանն այն երկրների շարքում է, որոնք իրենց ՀՆԱ-ի ամենամեծ մասն են հատկացնում պաշտպանական կարիքների համար՝ հիմնական պաշտպանական կարողությունների համար ծախսելով ՀՆԱ-ի 4․7 %-ը։