Եթե քրդական հարցը լուծվի, Էրդողանն արժանի է Նոբելյան մրցանակի. Բարզանի

Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ եթե Թուրքիայում լուծվի քրդական հարցը, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արժանի կլինի Նոբելյան խաղաղության մրցանակի։

Էրբիլում Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի (MERI) համաժողովում ելույթով հանդես եկած Բարզանին նշել է, որ նախկինում կասկածներ է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինաթափման գործընթացի լրջության մասին, բայց Էրդողանի հետ հանդիպումից հետո փոխել է իր կարծիքը։

Նրա խոսքով՝ գործընթացը դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ է ընթանում, և հնարավոր չէ մեկ գիշերում հաղթահարել քառասուն տարվա հակամարտության ու քրդերի ինքնության ժխտման հետևանքները։

«Նա, ով Թուրքիայում կլուծի քրդական հարցը, արժանի կլինի Նոբելյան խաղաղության մրցանակի։ Դա առաջին հերթին վերաբերում է Էրդողանին»,– ասել է Բարզանին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 27-ին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել կազմակերպությանը վայր դնել զենքերը։ Նույն տարվա հուլիսի 11-ին կազմակերպությունը հայտարարել էր զինաթափման մասին, իսկ հուլիսի 30-ին նրա 30 անդամներ Իրաքի Սուլեյմանիա քաղաքում այրել էին իրենց զենքերը։

Գործընթացի շրջանակում Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել է «Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողովը», որն ընդունել է գործընթացին վերաբերող համատեղ զեկույց։ Օգոստոսի 10-ին խորհրդարանն ընդունել է նաև PKK-ի զինաթափման գործընթացին առնչվող 12 հոդվածից բաղկացած օրենք։

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հայտնել էր, որ PKK-ն արդեն լքել է Իրաքի հյուսիսում գտնվող չորս թաքստոց։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *