Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Թուրքիային խնդրել միանալ հուսիթների «Անսար Ալլահ» շարժման դեմ ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել միանալ «Անսար Ալլահի» դեմ գործողությանը։

«Ես կարող եմ դա անել։ Նա, ինչպես գիտեք, իմ լավ ընկերն է, և ես կարող եմ դա անել։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Թուրքիայի նախագահին։ Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես կխնդրեմ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան», –պատասխանել է Թրամփը։

Նրան նաև հարցրել են՝ արդյոք ինքը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, և թե ինչ է վերջինս առաջարկել իրեն։

«Այո՛, զրուցել եմ։ Ես չեմ կարող ձեզ դա ասել։ Դուք իսկապե՞ս կարծում եք, որ կարող եմ ձեզ դա ասել։ Ես սիրով կպատմեի, բայց չեմ պատրաստվում դա անել», – պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Դրանից հետո նա Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ հուսիթները «շատ վատ են իրենց պահում»։

«Ես կարծում էի, որ նրանք դաս են քաղել, երբ մենք մեկ տարի առաջ նրանց չափազանց ուժեղ ռմբակոծեցինք, իսկ հետո, նրանց խնդրանքով, դադարեցրինք ռմբակոծությունները։ Նրանք երկար ժամանակ լուռ էին, բայց հիմա կրկին հայտնվել են՝ հավանաբար Իրանի հրահանգով», – գրել է նախագահը։

Նրա խոսքով՝ «Անսար Ալլահը» «շատ ստոր ձևով հարձակվում է Սաուդյան Արաբիայի վրա՝ միտումնավոր փորձելով բարձրացնել նավթի գները, հավանաբար՝ ԱՄՆ-ում ընտրություններից առաջ»։

«Ինչ-որ մեկը պետք է նրանց բացատրի, որ ես ընտրություններին չեմ մասնակցում, քանի որ արդեն հաղթել եմ՝ ջախջախիչ առավելությամբ, բայց ընտրություններից հետո ես այնտեղ կլինեմ, և դա երբեք չեմ մոռանա», – եզրափակել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *