
Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի եւ «Հայաստան» դաշինքի անդամների՝ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը, ավելի ճիշտ՝ դրա վերաբերյալ կողմերի՝ իրարից էականորեն տարբերվող հաղորդագրությունները լավագույնս բացահայտում են ԱՄՆ ժողովրդավարության մակարդակը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ԱՄՆ-ին ու Արեւմուտքին հռչակել են ժողովրդավարության բաստիոն, Ռուսաստանին՝ բռնապետություն։
Վեց օր առաջ՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանում տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ Լեւոն Քոչարյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Խորհրդարանի պաշտոնական կայքում այդ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունում կարդում ենք․ «Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների, ինչպես նաեւ՝ ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր։ Առանձին անդրադարձ է կատարվել կալանքի՝ որպես խափանման միջոցի չարաշահմանը եւ այն քաղաքական հակառակորդների նկատմամբ որպես պատժի գործիք կիրառելու դեպքերին»։ Իսկ վերջում ասվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։
Այս հանդիպումից 6 օր անց դեսպանատանը հիշել են, որ իրենց հավատարմատարը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորների հետ, ու հարկ են համարել կցկտուր մի հաղորդագրություն էլ իրենք տարածել։ «ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս հանդիպեց «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը եւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագիծը։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման եւ խաղաղությունը տնտեսական հնարավորությունների վերածելու ջանքերին, տարածաշրջանային փոխկապակցվածության մեծացմանը եւ Հայաստանի ու տարածաշրջանի համար առավել բարեկեցիկ ապագայի խթանմանը»,- նշված է դեսպանատան հաղորդագրությունում, որտեղ, ինչպես տեսնում ենք, ոչ մի տառ չկա Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների, ինչպես նաեւ՝ ժողովրդավարական ինստիտուտների քայքայման եւ մյուս խնդրահարույց հարցերի վերաբերյալ։
Ինչո՞ւ՝ հարցրինք հանդիպման մասնակից Արթուր Խաչատրյանին։ Նա անակնկալի եկավ, ասաց, թե չի կարդացել դեսպանատան տեքստը, բայց լսելով բովանդակության մասին՝ ասաց, որ ոչինչ չի կարող ասել: Մեր հարցին, թե որ ռելիզին հավատալ, պատգամավորը պատասխանեց, որ խորհրդարանի կայքում հայտնված տեքստը ոչ թե իրենք, այլ աշխատակազմն է տարածել, առանց իրենց հետ համաձայնեցնելու: Հետեւաբար, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն այս իշխանությունների ապօրինությունների, բռնաճնշումների վրա աչք է փակում: Արդյո՞ք նպատակահարմար կգտնեք հետայսու էլ հանդիպել դեսպանորդի հետ՝ հարցրինք Արթուր Խաչատրյանին։ Նա հրաժարվեց պատասխանել: Ասաց` կնայի դեսպանատան այս ռելիզը, կքննարկեն հարցը խմբակցությունում։