Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցիալական ցանցերում տարածած տեսանյութում ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո իրականացվելիք քայլերի իր պատկերացումը։
«Սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ. անկլավ- էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետեւյալ բանաձեւով` սահմանի այս եւ այն կողմում անկլավներ եւ էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն` երկու երկրները` Հայաստանը եւ Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել է նա։
Ըստ կառավարության ղեկավարի՝ բոլոր ճանապարհները եւ հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն, ու ոչ միայն ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում։
«Հայաստանը ու Ադրբեջանը իրար որեւէ պահանջ չպետք է ներկայացնեն եւ հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերով եւ բոլոր հարցերում. ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջեւան տրամաբանությամբ կամ Արեւմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,- ասել է նա։
Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով՝ Հայաստանի վարչապետը նախնական տպավորություն ունի, որ խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն կա։