e-draft.am կայքում տեղադրվել է ՀՀ կառավարության հանրային քննարկման ներկայացրած «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։
Նախագծի համաձայն՝ 2026 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։ Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ։ Օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Նախագծով նախատեսվում է զորակոչել՝
- Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիներին, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիներին։
- Նույն օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիներին։
- Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին։
Նախագծի համաձայն՝ մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։ Սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած անձինք կարձակվեն այդ ծառայությունից։
Զորակոչի կազմակերպման նպատակով նախատեսվում է ստեղծել Հանրապետական զորակոչային հանձնաժողով, մարզային և Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովներ և կենտրոնական բժշկական հանձնաժողով, որի անհատական կազմը կհաստատվի կառավարության որոշմամբ։ Հանրապետական զորակոչային հանձնաժողովը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարարը, իսկ մարզային զորակոչային հանձնաժողովները՝ համապատասխան մարզպետները։ Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովը կգլխավորի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։