Երևանը մոտ օրերին կդիմավորի СOP17 պատվիրակներին։ Քննարկումների համար հատկացված է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Այս կարևոր իրադարձությանը կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած բնապահպաններ, գիտնականներ և քաղաքական գործիչներ՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության հրատապ հարցերը։
Այս միջազգային իրադարձությունը հիանալի առիթ է Հայաստանը միջազգային հարթակում պատշաճ ներկայացնելու համար, սակայն համալիրի հարակից տարածքների և ենթակառուցվածքների իրական պատկերը մտահոգության տեղիք է տալիս։ Քըրք Քըրքորյանի փողոցի կողմից դեպի համալիր տանող մուտքերն ու աստիճանահարթակները գտնվում են խիստ վթարային և անմխիթար վիճակում: Տեղում արված լուսանկարները հստակ փաստում են շինության կրող կոնստրուկցիաների լուրջ խնդիրների մասին. առաստաղների բետոնե շերտերը քանդված են, մերկացել և ժանգոտել են երկաթե ամրանները, առկա են խորքային ճաքեր: Ավելին, վթարային և չաշխատող են շատրվանային հատվածները և ջրավազանները, որտեղ արձանագրվում են ջրի զգալի կորուստներ:
Ակնհայտ է, որ պատմամշակութային արժեք ներկայացնող այս համալիրը և նրա շրջակայքը հրատապ ներդրումների և հիմնանորոգման կարիք ունեն: Մինչդեռ կա մեծ հավանականություն, որ COP17-ի օրերին, ավանդույթի համաձայն, շատրվանները պարզապես կգործարկվեն ցուցադրական նպատակներով՝ անտեսելով ֆինանսական և ջրային ռեսուրսների հսկայական կորուստները: Հարց է առաջանում՝ արդյո՞ք բնապահպանական գլոբալ խնդիրներ քննարկելիս նախ չպետք է սկսել սեփական քաղաքի ու պատմական ժառանգության հանդեպ հոգատար և սրտացավ վերաբերմունքից: Վերջին հաշվով, միջազգային հյուրերին դիմավորելիս ֆասադային «շղարշի» հետևում միշտ երևալու է իրական, անտեսված պատկերը:
Կից ներկայացնում եմ լուսանկարներ, որոնք հաստատում են վերոնշյալը. հիմնական աստիճանների, ինչպես նաև չաշխատող և վթարային շատրվանային հատվածը։ Ակնհայտ է, որ ջրավազաններում կան ջրի զգալի կորուստներ, ինչի պատճառով շատրվանները չեն միացվում։ Սակայն կարծում եմ, որ CPP17 օրերին շատրվանները կգործարկվեն՝ անտեսելով ֆինանսական մեծ կորուստները՝ հօգուտ Վեոլիաջրի։
Առաջարկում եմ շրջայց դեպի նոր հիմնանորոգված Կիևյան կամուրջ՝ պատմաճարտարապետական արժեք ներկայացնող կառույց։ Չնայած աշխատանքների բավարար որակին, մտահոգիչ է նոր ներկված թուջե ճաղաշարի տեխնիկական վիճակը և անվտանգության նորմերին համապատասխանությունը: Չեն ուղղվել առանցքից շեղված հատվածները, չեն փոխարինվել վնասված կամ կոտրված մասերը, իսկ ներկումն իրականացվել է ժանգոտ մակերեսների վրա՝ առանց նախնական մաքրման և հղկման:
Կից ներկայացվում են մինչեւ ներկման և ներկված վիճակի լուսանկարները։













Կամուրջից անմիջապես հետո տեսնում ենք վթարային ազդագրերի ցուցափեղկ։








Իջնում ենք Հալաբյան-Քըրք Քըրքորյան փողոցների գետնանցում, որտեղից սկիզբ է առնում համալիրի աստիճաններով ու ջրային մակերեսներով շքամուտքը։ Այստեղ ապամոնտաժված են կրպակները որը միանշանակ լավ է, բայց․․․ տեսեք լուսանկարները և նոր արտահայտվեք։



Շարունակում ենք բարձրանալ աստիճաներով դեպի համալիր․










Սա էլ շատրվանների և ջրային մակերեսների տեսքը։ Ջրվեժի վերին հատվածներից ջուրը չի հասնում ներքևի ավազաններին։





Գուրգեն Հակոբյան