
Շաքիի ահաբեկիչ Նասիմի Մուսաեւի հարազատները հարցազրույց են տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Այսպես, Modern.az-ն գրում է, որ Նասիմի Մուսաեւը ընտանիքի հետ հեռախոսով խոսել է Հայաստանի տարածքում ձերբակալվելու նախորդ օրը։
Համաձայն հաղորդման, Նասիմիի հայրը՝ Ռասիմ Մուսաեւը եւ նրա քույրը՝ Շալալա Ալիեւան Նասիմիի հետ վերջին հեռախոսազրույցից պատմել են, որ նա ասել է, թե իրեն լավ է զգում, «այստեղ ամեն բան լավ է», եւ ոչ մի անհանգստություն չի հայտնել։ Քույրը շեշտել է, որ նախքան այդ՝ հեռախոսային զրույցները եղբոր հետ ընթացել են սովորական ռեժիմով։
Նասիմին իբրեւ թե ասել է, որ ամեն բան լավ է, որ խնդիրներ չկան։ Ռասիմ Մուսաեւն էլ ասել է, որ վերջին անգամ որդու հետ խոսել է սեպտեմբերի քսանհինգին, մեկ օր առաջ այն բանից, երբ պարզվել է, որ նա ծառայության վայրում չէ։ «Մենք խոսել ենք սովորականի նման։ Նա ասաց՝ «Այստեղ ամեն բան լավ է»։ Հավաստիացրեց, որ ոչ մի անհանգստության պատճառ չունի։ Բոլոր հարցերին պատասխանում էր, որ ամեն բան նորմալ է»,- ասել է Ռասիմ Մուսաեւը։
Նա հայտարարել է, որ անհանգստացած է որդու ճակատագրով եւ ընդգծել, որ իրենց ընտանիքը վստահում է պետությանը եւ ակնկալում որ իրավիճակը կհանգուցալուծվի։ «Մենք համապատասխան դիմումներ ենք ուղարկել եւ սպասում ենք արդյունքների։ Ես լիովին վստահում եմ մեր նախագահին եւ պետությանը։ Մինչեւ հիմա ոչ մի քաղաքացու, ոչ մի զինվորի փորձանքի մեջ չի թողել։ Դրա համար էլ հավատում եմ, որ հարցը կլուծվի ամենասեղմ ճամկետում»,- հայտարարել է հայրը։