COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում այսօրվանից մեկնարկում են COP17 շրջանակում նախատեսված միջոցառումները, որոնք շարունակվելու են մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Միջոցառումների կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով իշխանությունները տարբեր սահմանափակումների ու փոփոխությունների մասին հայտարարություններ են տարածել։ Արդյունքում պետական համակարգի մի շարք կառույցներ անցել են առցանց աշխատանքի, իսկ հոկտեմբերի 19-ից դպրոցների մի մասն էլ ուսումնական գործընթացը կազմակերպում է առցանց եղանակով։

Մինչ իշխանությունները պատրաստվում են միջազգային միջոցառումների անցկացմանը, Երևանի բնակիչները կանգնած են առօրյա տեղաշարժի լուրջ խնդիրների առաջ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում առաջացած խցանումները, երթևեկության սահմանափակումներն ու գերատեսչությունների՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները քաղաքացիների շրջանում անորոշություն են ստեղծել։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք փորձում էին հասկանալ՝ արդյոք հասարակական տրանսպորտը բնականոն աշխատելու է, երթուղայինները սպասարկելու են ուղևորներին, և մետրոյի աշխատանքում սահմանափակումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։

Խնդիրն այն է, որ տարբեր գերատեսչություններ պարբերաբար հաղորդագրություններ են տարածում այս կամ այն փողոցի փակման և երթևեկության սահմանափակումների մասին, սակայն քաղաքացիների համար շարունակում է անհասկանալի մնալ, թե այդ ամենն ինչպես է անդրադառնալու իրենց ամենօրյա տեղաշարժի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակը պարզաբանելու նպատակով դիմել է Երևանի քաղաքապետարան։ Մեզ տեղեկացրել են, որ Երևանի հասարակական տրանսպորտը և մետրոպոլիտենը կշարունակեն աշխատել։ Միաժամանակ սեփական մեքենաներով երթևեկող քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ որոշակի ժամանակահատվածներում մայրաքաղաքի տարբեր փողոցներ փակվելու են։

Ստացվում է՝ միջազգային նշանակության միջոցառումների կազմակերպման ընթացքում մայրաքաղաքի բնակիչները ստիպված են լինելու հարմարվել երթևեկության փոփոխվող պայմաններին՝ հաճախ առանց հստակ պատկերացնելու, թե ինչպես են հասնելու իրենց աշխատավայրեր, ուսումնական հաստատություններ կամ այլ վայրեր։

Իսկ ո՞վ է պատասխան տալու այն դեպքում, եթե կազմակերպչական խնդիրների հետևանքով Երևանում տրանսպորտային կոլապս առաջանա, և քաղաքացիները ժամերով չկարողանան հասնել իրենց նշանակման վայրեր։ Արդյոք իշխանությունները հաշվարկել են սահմանափակումների ազդեցությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի վրա և պատրա՞ստ են կանխելու հնարավոր խափանումները։

Այս պահին քաղաքացիների շրջանում առկա անորոշությունը, խցանումներն ու երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրները ցույց են տալիս, որ միջազգային միջոցառումների պատշաճ կազմակերպմանը զուգահեռ՝ իշխանությունները պետք է լուծեն նաև Երևանի բնակիչների առօրյա կյանքի բնականոն ընթացքն ապահովելու խնդիրը։

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 19-ից մինչև 30-ը ներառյալ նախատեսված են COP17 շրջանակում միջոցառումներ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *