
2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացավ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու, երկարամյա դասախոս, վարչական դատարանի նախկին դատավոր Դիլանյանը ՍԴ անդամ էր դարձել 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխական էյֆորիայի ֆոնին։ Այն ժամանակ նրան ներկայացնում էին որպես երիտասարդ, խոստումնալից իրավաբան, որը թարմ շունչ պետք է բերեր բարձր դատարան, թեեւ նրա ընտրությունն ուղեկցվում էր ընդդիմադիր կոշտ քննադատությամբ եւ կասկածներով, որ նոր իշխանությունները սեփական, հարմարվող կադրերով են լցնում դատական համակարգը։ Արդեն 2020-ի հոկտեմբերին՝ ՍԴ-ի շուրջ հայտնի ճգնաժամից եւ օրենսդրական «զտումներից» հետո, նա ընտրվեց ՍԴ նախագահ։
Փաշինյանի իշխանության համար նա իդեալական կատարող էր՝ անաղմուկ, անդեմ, առանց ավելորդ ամբիցիաների, եւ, ամենակարեւորը՝ կանխատեսելի։ Պատահական չէ, որ իր պաշտոնավարման ավարտին Դիլանյանը շտապեց վարչապետի մոտ՝ կառավարության շենք՝ «հաշվետվություն» տալու, կարծես ոչ թե անկախ մարմնի ղեկավար է եղել, այլ՝ Փաշինյանի ենթական: Եվ վարչապետն էլ նրան հատուկ ընդունել ու շնորհակալություն է հայտնել «բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»: Տպավորութուն է, թե Փաշինյանը Դիլանյանին ուղարկում է թոշակի ու էլ երբեք չի տեսնելու: Մինչդեռ նա ոչ մի տեղ չի գնում ՍԴ-ից՝ մնում է ՍԴ դատավոր: Այնուամենայնիվ, Արման Դիլանյանին ուղղված գնահատանքի խոսքերը միանգամայն տեղին են՝ նրա «շնորհիվ» մենք այսօր ունենք բարձր դատարան, որը ոչ թե պաշտպանում է մայր օրենքը, այլ լուռ ու խոնարհ հարմարվում է գործադիրի կամքին։
ՍԴ նախագահի աթոռին իր պաշտոնավարման 6 տարիներին Արման Դիլանյանը հասցրեց ստորագրել եւ օրինականացնել հետեւյալ, մեղմ ասած՝ անմոռանալի որոշումները: 2020 թ․ հոկտեմբերին Դիլանյանն ու նրա նորընտիր գործընկերները լռությամբ ընդունեցին Սահմանադրության այն փոփոխությունները, որոնցով հեռացվեցին հին դատավորները։ Նրանք չպաշտպանեցին իրենց իսկ դատարանի անկախությունը, որովհետեւ այդ ավերակների վրա Դիլանյանը պիտի ստանար իր նախագահական մուրճիկը։ 2023 թ․ մարտին ՍԴ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ տուրք տալով Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրությանը, մի փաստաթուղթ, որը տարիներ առաջ նույն ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել:
2024 թ․ հուլիս․ ՍԴ-ն թաղեց սեփականության իրավունքը՝ իր որոշմամբ օրինականացնելով ապօրինի գույքի բռնագանձումների մասին օրենքը: ՍԴ-ն «այո» ասաց մի օրենքի, որը խախտում է իրավունքի հետադարձ ուժի չկիրառման միջազգային նորմերը։ Դատարանը սեփականության անձեռնմխելիությունը զոհաբերեց հանուն իշխանական «վենդետաների» ու տեսարաններ ապահովելու մոլուցքի: 2024 թ․ սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն կայացրեց Անկախության հռչակագրի «դատավճիռը»: Դիլանյանի ՍԴ-ն սառնասրտորեն որոշեց, որ Հռչակագրի նախաբանը, որի վրա հիմնված է մեր ողջ պետականությունը, չունի պարտադիր իրավական ուժ։ Սա պարզապես վճիռ չէր, սա Փաշինյանի համար Ալիեւի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ ազգային նպատակներից հրաժարվելու իրավական արկածախնդրության սկիզբն էր: Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ աղմկահարույց գործի մասին է: Այդ որոշման տեքստում ՍԴ մեծամասնությունը նշեց, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը չունի ինքնուրույն նորմատիվային ուժ՝ Սահմանադրությունից դուրս, եւ չի կարող ստեղծել «սահմանադրական երկիշխանություն»:
2025 թ․ սեպտեմբերին ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններին ՀՀ մասնակցության համաձայնագիրը: Փաստացի, սա մեր արտաքին վասալության լեգիտիմացումն էր: Այդ համաձայնագրով Հայաստանը, ունենալով անվտանգային ծանրագույն խնդիրներ, պարտավորվում է իր ռեսուրսները տրամադրել ԵՄ ճգնաժամային առաքելություններին։ Սա բարձր դատարանի հերթական «այո»-ն էր՝ երկրի ռազմաքաղաքական վեկտորի վտանգավոր շրջադարձերին։
Վերջապես՝ 2026 թ․ հուլիսի 4-ին ՍԴ-ն վավերացրեց ԱԺ վերջին ընտրությունների խայտառակ արդյունքները․ 7 քաղաքական ուժ բողոքարկել էր համատարած կեղծիքներով ու վարչական ռեսուրսի չարաշահմամբ ուղեկցված հերթական ընտրությունների արդյունքները։ Դիլանյանի ՍԴ-ն մերժեց բոլոր դիմումները եւ ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը, որն ակնհայտորեն ապօրինի էր։ Բարձր դատարանը լեգիտիմացրեց Փաշինյանի իշխող կուսակցությունը, ԲՀԿ-ի ձայների գողությունը եւ ՔՊ-ին եւս 3 արհեստական մանդատ շնորհելու ապօրինությունը: Իհարկե, այս իմաստով Հայաստանի մյուս ՍԴ-ներն էլ չէին փայլել անցյալում, բայց այս որոշմամբ ՍԴ-ն վերջնականապես թաղեց արդար ընտրությունների ինստիտուտը եւ ՀՀ քաղաքացիների հույսը, թե Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել։
Այսպիսով՝ «մավրը» կատարեց իր գործը, «մավրը» կարող է հեռանալ, իսկ հաջորդ եկողը պարզապես պետք է պահպանի հնազանդության նշաձողը։ Ո՞վ է հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին: Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածով եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Ըստ այդմ՝ նոր նախագահին իրենց կազմից պետք է ընտրեն հենց իրենք՝ ՍԴ դատավորները՝ աշխատակարգային նիստում, գաղտնի քվեարկությամբ, ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով, այսինքն՝ 9 դատավորից առնվազն 6-ի ձայնով: Բայց բոլորին հասկանալի է, որ «ընտրելու» է Նիկոլ Փաշինյանը։
Կուլիսներում այս պահին մեկ անուն է շրջանառվում՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունը: Ամիսներ առաջ, երբ նա ԱԺ-ից գործուղվում էր ՍԴ, ասվում էր, որ հենց այդ նպատակով է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողնում: Եթե Արման Դիլանյանն ապահովում էր նեյտրալության իմիտացիա, ապա Վլադիմիր Վարդանյանի դեպքում տեղի կունենա ՍԴ-ի լիակատար եւ անթաքույց կուսակցականացում։
«Կարծում եմ՝ Վլադիմիրին կընտրեն: Ինչքան վատ, այնքան իրենց սրտով է»,- ասում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը: Ոչ միայն ընդդիմադիրներն են Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը շատ վատը համարում, այլեւ ՔՊ-ամերձ իրավաբանները: «Շատ վատն է: Ավելի նորմալ թեկնածուներ են Դավիթ Խաչատուրյանը, Էդգար Շաթիրյանը, Սեդա Սաֆարյանը»,- ասում է նրանցից մեկը: Թռուցիկ խոսվում է մեկ այլ նախկին կուսակցականի ու նախկին նախարարի՝ Արտակ Զեյնալյանի մասին, որը եւս ՍԴ դատավոր է, սակայն նա, ըստ լուրերի, նախագահ դառնալու հավակնություն չունի: Իսկ Սեդա Սաֆարյանը հայտարարել է, որ հավակնում է այդ պաշտոնին։
ՀԳ․ Երեկ Սահմանադրական դատարանը աշխատակարգային քննարկմամբ ՍԴ նախագահ էր ընտրում: Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ երկու թեկնածուներից` Վլադիմիր Վարդանյան և Էդգար Շաթիրյան ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել: