
Մեր փորձառությունը մեզ հուշում է, որ այս իշխանություններից լավ բան սպասել չի կարելի, եւ ցանկացած գործընթաց, որը նրանք նախաձեռնում են՝ նույնիսկ բարի մտադրություններով, ի վերջո, ավարտվելու է ի վնաս մեր հասարակության եւ մեր պետության։ Դա է պատճառը, որ ցանկացած ելույթ, նախաձեռնություն, որոշում, գաղափար, որն արտաբերում են իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, միայն տագնապ ու անհանգստություն են առաջացնում։
Ահա՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը խոսում է խցանումները նվազեցնելու մասին եւ ինչ-որ առաջարկ է անում, անմիջապես հանրությունը ենթադրում է, որ դա ի վնաս շարքային մարդկանց է արվելու։ Կամ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի կնքումը մոտ է, եւ դա հնարավոր է անել՝ հրաժարվելով փոխադարձ պահանջներից ու բացելով բոլոր կոմունիկացիաները, եւ մարդիկ անմիջապես սկսում են քննարկել, թե ինչ նոր աղետներ են որոշել մեր գլխին բերել սրանք։ Մանավանդ՝ խոսքը մանվածապատ է, հստակ չէ, անորոշություններ է պարունակում։ Օրինակ, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու Ջերմուկի, Սեւ լճի, Սոթքի՝ մեզնից զավթված հատվածների հետ։ Ինչպե՞ս է լուծվելու անկլավ կոչվածների հարցը, որոնց մասին ասում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում, որպեսզի սահմանի որեւէ կողմում անկլավներ եւ էքսկլավներ չլինեն»։ Սա նշանակում է, որ Տիգրանաշենը եւ հարակից ճանապարհը հանձնվելո՞ւ են։ Կամ ի՞նչ է նշանակում․ «Բոլոր ճանապարհները եւ հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն ԹՐԻՓՓ-ի, բայց ոչ միայն ԹՐԻՓՓ-ի շրջանակներում»։ Սա նշանակո՞ւմ է, որ Գորիս-Կապան ճանապարհը նորից կսկսենք շահագործել, թե՞ մենք նորից ճանապարհ ենք զիջելու՝ դրա դիմաց ոչինչ չստանալով։