Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած իրադարձությունները խոչընդոտել են Հարավային Կովկասին՝ կապող հանգույց դառնալու հարցում։ Այնուամենայնիվ, Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային հաջողվել է իրականացնել մի շարք էներգետիկ և տրանսպորտային նախագծեր․ այս մասին Աբու Դաբիում անցկացվող ”Raisina Middle East” համաժողովում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նա նշել է, որ այդ համատեղ նախագծերը ներկայումս ամուր հիմք են ծառայում տարածաշրջանային կապերի ամրապնդման և «Միջին միջանցքի» (Middle Corridor) հետագա զարգացման համար։
Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանի ներուժն ամբողջությամբ իրացնելու համար անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը, կառուցել վստահության վրա հիմնված գործընկերություն և ընդլայնել հետագա ներգրավվածության հնարավորությունները։
«Մեր նպատակն է կառուցել վստահության և հուսալիության վրա հիմնված գործընկերություն՝ ոչ միայն ճգնաժամային, այլև կայունության շրջաններում»,- հավելել է արտաքին գործերի նախարարը։
Մակա Բոչորիշվիլին կարևորել է «Միջին միջանցքի» դերը տարածաշրջանային համագործակցության և տնտեսական կապերի խթանման գործում։
«Սակայն, ինքնին, սա նոր գաղափար չէ. այն արտացոլում է պատմական մի իրողություն, որը միշտ գոյություն է ունեցել։ Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը լրացուցիչ նշանակություն է հաղորդում այս հայեցակարգին, և այս համատեքստում՝ Վրաստանը կենսական դեր է խաղում»,-եզրափակել է արտաքին գործերի նախարարը։