Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումը: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս նախագիծը սպասված և կանխատեսելի էր:
«Մենք հայտարարել էինք այս պրոցեսի մասին, չնայած ակնկալիք ունենք, որ կուսումնասիրվի նաև էլեկտրական ցանցերի մասնավորեցման գործընթացը և դրա օրինականությունը: Բայց նաև մենք պրոցեսները մեկը մյուսի հետ չենք կապում: Մենք հիմա գնալու ենք այս ճանապարհով և հասել ենք մեր գլխավոր հանգրվանին», – նշեց նա:
Վարչապետի խոսքով, այժմ միակ հարցը, որ կարող է ծագել, գնագոյացմանն է վերաբերում: Նա հետաքրքրվեց, թե ինչպես և ինչ ընթացակարգով է որոշվելու, թե ինչքան է վճարվելու սեփականատերերին:
«Արժեքների հետ կապված կոնկրետ չեմ ասի այս պահին: Գնահատում է իրականացվում՝ հաշվի առնելով ներդրումները և դիվիդենտները: ՀԷՑ-ի սեփականատերերն իրավունք ունեն ընդունել այդ գինը կամ սեփական գնահատում պատվիրել: Դրանից հետո առաջարկները համադրվում են: Եթե սեփականատերերը չեն համաձայնվում առաջարկին և իրենք էլ չեն անում, ապա գործարքը կայացվում է», – նշեց Դավիթ Խուդաթյանը: