Երբ է բացվելու հայ-թուրքական սահմանը

Նախարարը հայտնել է, որ Երևանի և Անկարայի միջև շփումները շարունակական են, իսկ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով։ Նրա գնահատմամբ՝ գործընթացը բավականաչափ առաջ է գնացել, և վերջնական համաձայնության հասնելը հնարավոր է ցանկացած պահի։ Միաժամանակ Միրզոյանը շեշտել է, որ մինչև վերջնական արդյունքի արձանագրումը բանակցությունների մանրամասները սովորաբար հրապարակային չեն դառնում։

Խոսելով արդեն իսկ արձանագրված քայլերի մասին՝ Միրզոյանը հիշեցրել է, որ Թուրքիան վերացրել է Հայաստան ապրանքների արտահանման հետ կապված տեխնիկական սահմանափակումը։ Մինչ այդ թուրք գործարարների համար նախատեսված արտահանման համակարգում Հայաստանը հասանելի ուղղությունների շարքում ներառված չէր։

Գործնական համագործակցության մյուս ուղղություններից նախարարը նշել է Անիի կամրջի վերականգնման շարունակվող աշխատանքներն ու Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկման նպատակով ձևավորված հայ-թուրքական աշխատանքային խմբի պարբերական հանդիպումները։

Միրզոյանն անդրադարձել է նաև Կարսում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովին՝ ընդգծելով, որ այն երկու երկրներում էլ զգալի հետաքրքրություն է առաջացրել։ Նրա խոսքով՝ նախատեսվում է նմանատիպ միջոցառում կազմակերպել նաև Հայաստանում՝ հնարավոր է՝ ավելի ընդլայնված ձևաչափով։

Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկա համաժողովի ընթացքում փակ սահմանի հարցում նույնպես առաջընթաց կլինի, և հայ գործարարները հնարավորություն կունենան անցնել սահմանը։

Չնայած բանակցություններում գրանցված որոշակի արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Միրզոյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացը դեռ ավարտված չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *