Կառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը


Հայաստան


Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:

«ՀԾԿՀ որոշմամբ արդեն դադարեցվել է ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործունեությունը, դրանից հետո ՏԿԵՆ-ը գրությամբ դիմել է ՀԷՑ-ի բաժնետերերին՝ առաջարկելով ՀՀ սեփականության իրավունքով օտարել 100 տոկոս բաժնեմասերը:

Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել, ինչը նույնն է, թե ՀԷՑ-ի սեփականատերերը մերժել են Կառավարության առաջարկը: Սրանից հետո արդեն ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված կարգով սկսվել է հանրային գերակա շահ ճանաչելու մասին ընթացակարգի ապահովումը: Կայացել են հանրային լսումներ, օրենքով սահմանված կարգով բոլոր գործողություններն արված են, և այսօր առաջարկում են ՀՀ կառավարությանը ընդունել որոշում ՀԷՑ ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականությունը գրանցելու մասին, այսինքն՝ գերակա շահ ճանաչելու մասին նախագիծն ընդունել»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ սպասված և կանխատեսելի որոշում է, որովհետև հայտարարվել էր պրոցեսի մասին, չնայած կար ակնկալիք, որ Հայաստանի համապատասխան մարմինները կուսումնասիրեն նաև ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հիմնական հարցը գնագոյացման խնդիրն է, ինչպե՞ս պետք է սեփականատերերին վճարել: ՏԿԵ նախարարը պարզաբանեց՝ ըստ ընթացակարգի՝ գնահատում է իրականացվում, արդյունքում գնի մասով ծանուցում է ուղարկվում ՀԷՑ-ի սեփականատերերին, որոնք կա՛մ կընդունեն առաջարկված գինը, կա՛մ սեփական գնահատումը կիրականացնեն:

«Եթե ՀԷՑ-ի սեփականատերերը չեն համաձայնում Կառավարության առաջարկին, և իրենք էլ գնահատում չեն իրականացնում, առաջին գնահատումով գնահատված գումարը դրվում է դեպոզիտներում, և գործարքն ավարտվում է»,- ասաց նախարարը:

Փաշինյանն արձագանքեց. «Մեր պլանը հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին, այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք»:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *