Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)


Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել Երիտասարդական տարածքի բացման արարողություն, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Քրիստինա Թաթարյանը շնորհավորել է երիտասարդական տարածքի բացման կապակցությամբ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է յուրաքանչյուր համայնքում երիտասարդների ներուժի բացահայտման, զարգացման և սեփական գաղափարների իրականացման հնարավորությունները։ Նրա նշմամբ՝ երիտասարդական քաղաքականության կարևոր ուղղություններից է նմանօրինակ միջավայրերի ստեղծումը, որտեղ երիտասարդները կարող են ոչ միայն մասնակցել տարբեր ծրագրերի, այլև հանդես գալ սեփական նախաձեռնություններով և իրենց ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։

Անդրադառնալով երիտասարդական տարածքների գործունեության շարունակականության ապահովման և համագործակցության ամրապնդման կարևորությանը՝ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ այդ նպատակով փոխըմբռնման հուշագրեր էին կնքվել ԿԳՄՍ նախարարության, համապատասխան համայնքների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև։ Հուշագրերի շրջանակում կողմերը համագործակցել և աջակցել են երիտասարդական տարածքների արդյունավետ գործունեությանը։

«Համագործակցության այս ձևաչափի նպատակն է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդել պետության, համայնքի և քաղաքացիական հասարակության կառույցների միջև համատեղ աշխատանքը՝ ապահովելով համայնքներում երիտասարդական ներուժի ու երիտասարդական ծառայությունների զարգացումը: Սիրելի՛ երիտասարդներ, վստահ եմ, որ ձեր ակտիվ մասնակցությամբ այս տարածքում կձևավորվեն նոր գաղափարներ, կիրականացվեն հետաքրքիր նախաձեռնություններ, և դուք կունենաք ձեր համայնքի կյանքում ավելի ակտիվ դերակատարության նոր հնարավորություններ»,- ասել է Քրիստինա Թաթարյանը և շնորհակալություն հայտնել գործընկեր կազմակերպություններին:

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես են եկել Անի համայնքի Մարալիկի երաժշտական դպրոցի սաները:

Կարմիր ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունից հետո Քրիստինա Թաթարյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնի տարածքում: Նախարարի տեղակալին ներկայացվել են ստեղծված պայմանները, տեխնիկական հագեցվածությունն ու ֆունկցիոնալ գոտիները, որոնք ծառայելու են տարբեր երիտասարդական ծրագրերի և ծառայությունների իրականացման համար: Երիտասարդական տարածքն ապահովված է ժամանակակից գույքով և անհրաժեշտ թվային միջոցներով, ինչը հնարավորություն կտա տեղի երիտասարդներին ինքնակրթվել, կազմակերպել մշակութային ու ժամանցային միջոցառումներ և իրականացնել նորարարական նախագծեր:

Սառնաղբյուրի երիտասարդական տարածքը հիմնվել է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Անիի համայնքապետարանի համագործակցությամբ։

Նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը նաև այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն, ծանոթացել գործունեությանը, ստեղծված պայմաններին և ծրագրերին։ Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից. այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Երիտասարդական տարածքները և կենտրոնները գործում են ԿԳՄՍ նախարարության հաստատած երիտասարդական միջավայրերի գործունեության ուղեցույցի համաձայն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *