Հերի՛ք եղավ․ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ նավթավերամշակման գործարաններին ուղղված հարվածները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի հարվածները՝ ուղղված ռուսական նավթավերամշակման գործարաններին․ գրում է meduza.io-ն։

«Նավթավերամշակման գործարաններին հարվածելու արգելքը հանված է: Հերի՛ք եղավ»,- ասել է Ուկրաինայի նախագահը Financial Times-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Ուկրաինան երեք օր չի հարձակվել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների վրա՝ կատարելով ԱՄՆ-ի ցանկությունը: Միևնույն ժամանակ, Մոսկվան շարունակել է հարվածներ հասցնել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել:

Զելենսկիի խոսքով՝ չնայած նրան, որ Ուկրաինան դադարեցրել էր հարվածները ՆՎԳ-ներին, միևնույն է՝ զրկվել էր ռուսական բալիստիկ հրթիռների հարձակումների վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից: Բացի այդ, հիշեցրել է նախագահը, սահմանափակվել է Starlink տերմինալների աշխատանքը։

Նա հաստատել է, որ ամերիկացիները նախազգուշացրել էին Ուկրաինային՝ եթե Կիևը չդադարեցնի հարվածները ՆՎԳ-ներին, ԱՄՆ-ն կդադարի հետախուզական տվյալներ տրամադրել։ Զելենսկին նաև հերքել է այն վարկածը, թե Starlink-ի հետ կապված խնդիրներն առաջացել են որևէ անսարքության պատճառով։ «Դա տեխնիկական խնդիր չէր, դա որոշում էր»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան կարո՞ղ էր դադարեցնել հարվածները ՆՎԳ-ներին (նույնիսկ եթե Ռուսաստանը շարունակեր իր հարձակումները)՝ հանուն Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման, Զելենսկին պատասխանել է, որ կարող է գնալ այդ քայլին՝ Patriot համակարգերի համար հրթիռների լրացուցիչ մատակարարումների դիմաց։ Նրա խոսքով՝ դա այն «նվազագույնն» էր, որն ինքը խնդրել է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *