Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված և արձակված պայմանագրային զինծառայողներին դրամական աջակցություն կտրամադրվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախկինում կատարված փոփոխություններով արդեն իսկ սահմանվել էր առողջական խնդիրներով պայմանավորված ծառայությունից ժամանակավորապես արձակվելու ընթացակարգը։ Սակայն Կառավարության որոշման մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակի պատճառով դուրս էին մնացել պայմանագրայիններին հասանելիք սոցիալական երաշխիքները, որոնք հետագայում շտկվել են մայր օրենքի լրացումներով։
Մեկ այլ լրացմամբ վերանայվում է հիվանդության հիմքով զինծառայողներին տարեկան մեկ անգամ հատկացվող դրամական օգնության կարգը։ Եթե նախկինում գործում էր «երկարատև հիվանդություն» ընդհանրական ձևակերպումը,ապա այժմ սահմանվում է հստակ ժամկետ. աջակցությունը կտրամադրվի, եթե զինծառայողն անընդմեջ 30 օրացուցային օր գտնվել է հիվանդանոցային (ստացիոնար) բուժման մեջ։
Փոփոխությունների հեղինակները նշում են, որ բժշկական օգնության ծավալների ընդլայնման և առողջության համընդհանուր ապահովագրման համակարգի ներդրման արդյունքում բուժօգնության հետ կապված զինծառայողների անձնական ծախսերն էապես նվազել են, ինչով պայմանավորված՝ նպատակահարմար է համարվել դրամական աջակցության հատկացումը դարձնել առավել հասցեական։