Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին:
«Անկլավ/էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակ կա։ Իմաստն այն է, որ լուծումը այնպիսին լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն։ Դա քննարկվող սցենարներից մեկն է: Զգում եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի մի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիր է առաջացնելու, առավել ևս այդ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են սահմանն անցնելու և այլն»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ պետք է հասկանալ, թե տեխնիկապես և իրավաբանական առումով այդ լուծումն ինչ ձևակերպում կստանա, օրինակ՝ հանրաքվեի անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ:
«Նախ, պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, մենք պետք է իմանանք՝ Արծվաշենն ինչ տարածք է իրենից ներկայացնում, որ ճիշտ լուծում տանք»,- նշել է նա:
Հայաստանի վարչապետը հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ են մտել և կարևոր է, որ այդ գործընթացը մինչև 2031 թվականը հասնի իր ավարտին: