Երևանում անցկացվելիք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում քննարկվող խնդիրներից մեկը բնության պահպանության ֆինանսավորումն է։ Մինչդեռ այդ նպատակով ստեղծված միջազգային հիմնադրամը մինչ այժմ ստացել է ընդամենը 6 հազար դոլարի ներդրում՝ տարեկան 1 միլիարդ դոլար ներգրավելու նախատեսված նպատակի դիմաց։ Այս մասին հայտնում էNature գիտական ամսագիրը։
Խոսքը Cali Fund-ի մասին է, որը ստեղծվել է կենսաբազմազանության գենետիկական տվյալների օգտագործումից ստացված օգուտների մի մասը բնության պահպանությանն ուղղելու համար։
Հիմնադրամը նախատեսված է այն ընկերությունների ներդրումների համար, որոնք օգտագործում են բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների գենետիկական տվյալները՝ դեղամիջոցներ, կոսմետիկ միջոցներ և գյուղատնտեսական արտադրանք ստեղծելու նպատակով։ Հավաքված միջոցները պետք է ուղղվեն կենսաբազմազանության պահպանությանը, այդ թվում՝ բնության պահպանությամբ զբաղվող տեղական համայնքներին և բնիկ ժողովուրդներին աջակցելուն։
Ֆինանսավորման ցածր մակարդակի պատճառներից մեկը ընկերությունների վճարումների կամավոր բնույթն է։ Չնայած տարեկան 1 միլիարդ դոլար ներգրավելու նպատակին՝ հիմնադրամը մինչ այժմ չի կարողացել ապահովել ակնկալվող ֆինանսավորումը։
COP17-ը կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։ Համաժողովի ընթացքում երկրները կքննարկեն կենսաբազմազանության պահպանության միջազգային նպատակների իրականացման ընթացքն ու անհրաժեշտ ֆինանսավորումը։
Top News