Ռուսաստանը Հայաստանից կամ Ադրբեջանից որևէ դիմում չի ստացել «Թրամփի երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ, թեև երկու կողմերն էլ տեղյակ են մասնակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին․այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մինչ այժմ մենք նախագծին՝ Դոնալդ Թրամփի անունը կրող տրանսպորտային երթուղուն, մասնակցելու որևէ դիմում չենք ստացել։ Այնուամենայնիվ, շահագրգիռ բոլոր կողմերը տեղյակ են մեր պատրաստակամության և հնարավորությունների մասին», – նշել է նախարարը։
«Մենք ողջունել ենք, և դա արել ենք բազմիցս՝ թե՛ նախագահի, թե՛ Արտաքին գործերի նախարարության միջոցով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք նաև ողջունել ենք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերի. այդ մասին բազմիցս հայտարարել ենք։ «Ռուսական երկաթուղիներ»-ն ունի կոնցեսիա և գործում է «Հարավկովկասյան երկաթուղու» շրջանակում։ Մենք ծանոթ ենք այդ ամբողջ ենթակառուցվածքին և ապահովում ենք դրա տեխնիկական սպասարկումը», – ընդգծել է Լավրովը։