Չնույնականացված անձանց ԴՆԹ պրոֆիլներ են փոխանակվել՝ նրանց ինքնությունը պարզելու նպատակով, Armenia Today–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)՝ անդրադառնալով անհայտ կորածներին առնչվող ԴՆԹ տվյալներն առանց նրանց ծնողների իմացության Ադրբեջանին փոխանցելու մասին պնդումներին։
ԱԱԾ-ից, լրատվամիջոցի փոխանցմամբ, հստակեցրել են, որ փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության արդյունքում։
«Համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված անձանց ԴՆԹ պրոֆիլներ: Մինչև փոխանակումը նշված պրոֆիլները համադրվել են հայկական կողմի տրամադրության տակ գտնվող ԴՆԹ պրոֆիլների հետ, և համընկնումներ չեն հայտնաբերվել: Անհայտ կորած անձանց ծնողների ԴՆԹ պրոֆիլներ չեն փոխանակվել»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում։