Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի թաղամասում՝ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում, քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին ոստիկանները, քաղաքացիները և նշված շենքը կառուցող բանվորներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխել 76-ամյա տղամարդու։
Շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այդ թվում պարանոցին տեղադրելով ֆիքսատոր, որից հետո տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։