Armat Media-ի տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգի փաստաբաններ Հասմիկ Մարտիրոսյանը և Հռիփսիմե Գալստյանը հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին նրա նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի դեմ։ Վերջիններիս պնդմամբ՝ Տիգրան Արզաքանցյանն առանց իրենց համաձայնության հրապարակել է իրենց լուսանկարները և անձնական հաղորդագրությունները՝ խախտելով վերջիններիս անձնական տվյալների գաղտնիության իրավունքը:
Ավելի վաղ Տիգրան Արզաքանցյանը դիմել էր փաստաբանների պալատ՝ խնդրելով Նատալյա Ռոտենբերգի փաստաբաններ Հասմիկ Մարտիրոսյանին և Հռիփսիմե Գալստյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ հիմքում, ըստ փաստաբանների, դնելով կեղծ և իրականությանը չհամատասխանող զրպարտչական տեղեկություններ, որոնք նպատակ են հետապնդում խաթարել փաստաբանների բարի համբավը և արժանապավությունը՝ այդ ճանապարհով փորձելով խոչընդոտել փաստաբանների կողմից Նատալյա Ռոտենբերգի իրավական պատշաճ օգնություն տրամադրելուն:
Փաստաբաններ Հասմիկ Մարտիրոսյանը և Հռիփսիմե Գալստյանը Տիգրան Արզաքանցյանի գործողությունները որակում են որպես փորձ վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նշում են, որ չսահմանափակվելով հանցագործության մասին հաղորդման ներկայացմամբ՝ ձեռնարկելու են բոլոր իրավական միջոցները իրենց իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ: