Սոկոլովը խոշոր ակտիվներ ունի ՀՀ-ում. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կովկասում 201 միլիոն դոլարի ներդրումային հիմնադրամը ղեկավարելու համար ընտրված անձը տարածաշրջանում խոշոր ակտիվներ ունի հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության ոլորտներում, իսկ նախկինում ղեկավարել է Ռուսաստանի վրա կենտրոնացած ներդրումային ընկերություն։ Այս մասին վկայում են Reuters-ի ուսումնասիրած փաստաթղթերը։

51-ամյա գործարար Կոնստանտին Սոկոլովը հունվարին նշանակվել է ներդրումային հիմնադրամի ղեկավար, որը ներկայումս կոչվում է «Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամ» (Trans-Caspian Enterprise Fund)։ Այդ մասին նշված է հիմնադրամի գրանցման փաստաթղթերում։

Reuters-ի հրապարակման համաձայն՝ նա խոշոր բաժնեմասեր ունի Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «Վիվա Արմենիա» ընկերությունում։ Բացի այդ, այս տարվա սկզբին նա գնել է Հայաստանի պղնձի և մոլիբդենի երկրորդ խոշոր հանքավայրը՝ ԱՄՆ կառավարության կողմից այն գնելու հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

Էթիկայի հարցերով վեց փորձագետներ, որոնք ուսումնասիրել են Reuters-ի հրապարակումը, նշել են, որ Սոկոլովի բիզնես շահերը շահերի բախում են առաջացնում, քանի որ նրա պաշտոնը նրան հնարավորություն է տալիս տնօրինելու պետական միջոցներ, որոնցից կարող են օգուտ ստանալ նրա ընկերությունները։

Սանտա Կլարայի համալսարանի էթիկայի հարցերով փորձագետ Էն Սքիրթն ասել է. «Կարծում եմ՝ Կոնգրեսը պետք է հարցեր տա»։

Reuters-ը Սոկոլովի կողմից որևէ ապօրինության նշաններ չի հայտնաբերել։ Նման ներդրումային հիմնադրամները կարգավորող ԱՄՆ օրենսդրությունը չի արգելում դրանց ղեկավարներին ներդրումներ ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ գործում են հիմնադրամները։

Սոկոլովի մասնավոր կապիտալի կառավարման ընկերության՝ IJS Investments-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հիմնադրամին արգելված է ներդրումներ կատարել Սոկոլովին պատկանող որևէ բիզնեսում, և որ Սոկոլովը կատարել է «պատշաճ ուսումնասիրության և անվտանգության բոլոր պահանջները»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ձեռնարկությունների հիմնադրամը կկատարի տարեկան հաշվետվությունների ներկայացման և անկախ աուդիտի պահանջները, ինչպես նաև կպահպանի դրամաշնորհների վերաբերյալ կիրառելի դրույթները, այդ թվում՝ շահերի բախման պահանջները։

Սոկոլովը նաև եղել է Սպիտակ տանը պարահանդեսների սրահի կառուցման նախագծի դոնորների թվում։ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա մոտ 13 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետական քաղաքական կազմակերպություններին։

Սպիտակ տունը Սոկոլովի վերաբերյալ հարցերը վերահասցեագրել է Պետքարտուղարությանը, որը մանրամասներ չի ներկայացրել նրա կենսագրության ստուգման և գաղտնի տեղեկատվության հասանելիության թույլտվության վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Reuters-ի հարցումը, հայտարարել է, որ Կրեմլում չգիտեն, թե ում մասին է խոսքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *