Բնապահպանական ժողովրդավարությունը Հայաստանի պահպանվող տարածքների կառավարման համատեքստում. քննարկում Երևանում ընթացող CBD COP17-ի շրջանակում

Բնապահպանական ժողովրդավարությունը Հայաստանի պահպանվող տարածքների կառավարման համատեքստում. քննարկում Երևանում ընթացող CBD COP17-ի շրջանակում

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովի՝ COP17-ի շրջանակում հոկտեմբերի 27-ին՝ ժ. 15:30-16:30, Կանաչ գոտում տեղի կունենա աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքների կառավարման համակարգում բնապահպանական ժողովրդավարության արտացոլման խնդիրներին:

Միջոցառումը կազմակերպվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ։ 

Բանախոսներն են՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ևՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետազոտող Աիդա Պապիկյանը:

Փորձագետները կներկայացնեն Հայաստանի երկու առանցքային լանդշաֆտների օրինակների վրա հիմնված հետազոտական զեկույցներ.

– Ընդերքօգտագործում և կենսաբազմազանություն (Ամուլսար). Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերսկսումը կրկին ուշադրության կենտրոն է բերում Բեռնի կոնվենցիայի հանձնարարականները և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները: Ուսումնասիրությունն անդրադառնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, Emerald (Զմրուխտե) ցանցի տարածքների և նախատեսվող «Ջերմուկ» ազգային պարկի պահպանության խնդիրներին, ինչպես նաև՝ հանքարդյունաբերական քաղաքականության ձևավորման գործընթացում հանրության մասնակցության դերին:

– Պահպանվող տարածքներ և համայնքներ («Արփի լիճ» ազգային պարկ). «Արփի լիճ» ազգային պարկի փորձը ցույց է տալիս, թե ինչպես են Հայաստանում համադրվում բնապահպանությունը, հողային իրավունքները և գյուղական համայնքների կենսապահովման հարցերը: Զեկույցում ներկայացված է միջազգային պարտավորությունների, ՀՀ օրենսդրության և ազգային պարկի կառավարման մեխանիզմների բազմամակարդակ վերլուծություն՝ գնահատելու, թե որքանով է բնապահպանական ժողովրդավարությունն ինտեգրված պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:

Միջոցառման նպատակն է՝ բացահայտել ոլորտի ձեռքբերումներն ու կառավարման բացերը՝ նպաստելով COP17-ի օրակարգային քննարկումներին: 

«Արփի լիճ» ազգային պարկի և Ամուլսարի դեպքերը վեր են հանում Հայաստանի COP նախագահությանն առնչվող հիմնարար հարցը՝ որքանո՞վ են մեր քաղաքական և օրենսդրական շրջանակները գործնականում ապահովում բնապահպանական ժողովրդավարությունը տարբեր լանդշաֆտներում:

Միջոցառման լեզուն անգլերենն է: Մուտքն ազատ է, սակայն պահանջվում է նախնական գրանցում՝ COP17 Green Zone մուտք գործելու համար:

Հոկտեմբեր 16, 2026 at 12:33

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *