Ճամպրուկի ստուգման ընթացքում հայտնաբերվել են օձեր և մողեսներ


Աշխարհ


Գերմանիայի Քյոլն-Բոնն օդանավակայանում մաքսային ծառայողները կանգնեցրել են 45-ամյա մեքսիկացու, որը փորձել է երկիր տեղափոխել ավելի քան 90 սողուն՝ այդ թվում թունավոր օձեր և մողեսներ։ Մաքսային ծառայության տվյալներով՝ տղամարդը, որը Մեքսիկայում հրշեջ է աշխատում, օդանավակայանի՝ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունեցող ուղևորների համար նախատեսված ելքով անցնելիս կասկածելիորեն նյարդային է եղել։

Ծառայողները թմրանյութերի թեստ են անցկացրել, որի արդյունքը դրական է եղել կոկաինի առկայության համար։ Թեև ճամպրուկում թմրանյութեր չեն հայտնաբերվել, ստուգման ընթացքում հայտնաբերվել են օձեր և մողեսներ, այդ թվում՝ իգուանաներ։ Կենդանիները թաքցված են եղել շամպունի և կրեմի տարաների, պլաստիկե ամանների ու գուլպաների մեջ։

Անունը չհրապարակված տղամարդը ծառայողներին հայտնել է, որ կենդանիները տեղափոխում էր բրազիլացի ծանոթներից մեկի խնդրանքով։

Նրան թույլ չեն տվել մուտք գործել Գերմանիա և վերադարձրել են Ստամբուլ։ Փրկված կենդանիներին խնամում են Գերմանիայի օձերի ֆերմաներից մեկում։ Մաքսային ծառայության ներկայացուցչի տվյալներով՝ նախորդ տարի Գերմանիայում առգրավվել է ավելի քան 56 600 պաշտպանվող կենդանի, բույս կամ դրանցից պատրաստված արտադրանք՝ ընդհանուր առմամբ արձանագրված ավելի քան 1300 դեպքի շրջանակում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *