Էրդողանի և Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացին


Հարեվաններ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացի առաջմղմանը. հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին՝ Երևանում։ Ըստ Յումաքլիի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ։

«Թուրքիան ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը»,- ասել է նա՝ հավելելով,- «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են թափ հավաքել՝ ուղղված կարգավորմանը։ Կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և լրացուցիչ խթան է ստացել «Թուրքական ավիաուղիների» չվերթների մեկնարկով։

Մեր նախագահի և պարոն Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացը նոր մակարդակի բարձրացնելուն»։

Յումաքլին ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է գործընթացը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա հանգամանքները։

«Հուսով եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա դրական դինամիկան և կարգավորման գործընթացի արագացումը զգալի օգուտներ կբերեն երկու ժողովուրդներին, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին», — ասել է Թուրքիայի նախարարը։

Յումաքլին անդրադարձել է նաև Երևանում անցկացվող՝ կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումներին։ Նրա խոսքով՝ հանդիպումը հաջող է անցել, և հնչած ուղերձները պետք է հասնեն միջազգային հանրությանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *