«Հրապարակ»․ Երկուսն էլ մերն են

«Տարածքային փոխանակում» ասվածն իրավական բարդ գործընթաց է՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկլավներ ու էքսկլավներ չունենալու մասին նախօրեին արած իր հայտարարության մասին հարցին:

Փաշինյանն ասաց, որ նախ պետք է տեղի ունենան սահմանազատում, տարածքների ճշգրիտ տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է եւ այլն: Նա կարծում է՝ մտել ենք խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ, եւ մինչեւ 2031 թվականը այդ պրոցեսը պետք է հասցնել ավարտին: Քարտեզագետ Սեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է. «Մենք` Հայաստանը, ոչ մի միլիմետր տարածք չունի զիջելու Ադրբեջանին: Մենք ո՞նց ենք մեր հայրենիքի տարածքը զիջելու: Ես հիմա աշխատում եմ մի գրքի վրա, որը հենց այդ թեմայի մասին է: Պարտված երկիրը չի կարող հաղթող երկրի հետ համագործակցել եւ սահմաններ ճշտել, եւ գծել իր երկրի սահմանները: Պարտադիր պետք են երկրորդ, երրորդ երկրներ: Պետք է նախ ՄԱԿ-ին դիմեին, խնդրեին, որպեսզի ՄԱԿ-ը նույնպես մասնակցեր: Պետք է ԵՄ-ին խնդրեին, ՌԴ-ին խնդրեին: Սահմանազատման եւ սահմանագծման համար պարտվող կողմը չի կարող միայնակ գործել: Հաղթողը միշտ իր կամքն է պարտադրում»:

Արծվաշենն ու Տիգրանաշենը համարժե՞ք են ռազմավարական տեսանկյունից։ «Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են, մեր հայրենիքն են, մեր հողը: Երբեք չպետք է ասել` համարժե՞ք են, թե՞ ոչ, դրանք երկուսն էլ մեր տարածքներն են: Ազգերի լիգան պատմական աշխարհագրությունը մշտապես հաշվի է առնում: Երբ Ազգերի լիգայում կատարվում են քարտեզագրում, սահմանազատում եւ սահմանագծում, անպայման հաշվի է առնվում պատմական աշխարհագրությունը: Սեւրի պայմանագրի ժամանակ, երբ հաղթող երկրները հավաքվեցին՝ սահմանազատում, սահմանագծում արեցին իրենց մեջ, բոլոր կողմերը հաշվի առան տարբեր կարեւոր հարցեր: Սեւրի պայմանագրի ժամանակ Հայաստանը զեկույց պատրաստեց, պահանջներից մեկն այն էր, որ լինի պարտադիր 3 քարտեզ, մեկը՝ պատմական քարտեզ, մյուսը` ժողովրդագրական քարտեզ եւ հաղորդակցական ուղիների»,- ասում է մեր զրուցակիցը:

Բայց մենք որքան էլ որ ասենք՝ Արծվաշենն ու Տիգրանաշենը մերն են, բանակցողը` Հայաստանի վարչապետը, այդ կարծիքին չէ, գործում է հակառակ տրամաբանությամբ. «Խնդիրը դրանում չէ: Խնդիրն ավելի խորքային է: Ով ուզում է լինել` պարտվող երկիրը չի կարող հաղթողի հետ նստել նույն սենյակում եւ հավասարը հավասարին կատարի սահմանազատում, սահմանագծում: Վերջ: Ես չեմ կարող ասել, թե էլ ինչ է ցանկանում հանձնել Ադրբեջանին Փաշինյանը, դա շատ պատասխանատու հայտարարություն կլինի, սակայն կապիտուլյացիայի պայմանագիր քանի որ չի կնքվում, հավանաբար՝ բանավոր են պայմանավորվել, որ Ադրբեջանն ինչ ուզի, Հայաստանը պետք է անի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *