Մանկավարժների դեմ ահաբեկման մթնոլորտ է ստեղծվել

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Կարինե Նալչաջյանն է։

– Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, որ մանկավարժին հանձնում են իրավապահների ձեռքը աշակերտին հարվածելու համար։ Նախ Գեղարքունիքի մարզում նման դեպք տեղի ունեցավ, երբ մանկավաժը ծեծի էր ենթարկել աշակերտուհուն, հետո Սիսիանում նման մի դեպք եղավ, մի քանի օր առաջ էլ մենք գրել էինք, որ Իջևանում են երկարամյա ուսուցչուհուն ձերբակալել՝ աշակերտին տետրով հարվածելու համար։ Ի՞նչ նախադեպ է սա։

– Ես նախ ուզում եմ շեշտել, որ երեխաների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը համարում եմ անընդունելի, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նաև շեշտել, որ շատ բարդ է մանկավարժների գործը։ Հեշտ չէ 30-35 աշակերտի կառավարելը, բայց ես խիստ անընդունելի եմ համարում նամանավանդ ֆիզիկական բռնությունը, այդ մասին խոսելն անգամ ավելորդ է, սակայն մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության բոլոր ատրիբուտները տարբեր մեթոդներով կազմաքանդվում են։ Կրթական համակարգը պետության համար պետք է լինի կարևորագույն կողմերից մեկը, սակայն մանկավարժների դեմ ահաբեկման մթնոլորտ է ստեղծվել։ Պատկերացնո՞ւմ եք առանց այդ էլ այս բազմաբարդ աշխատանք կատարելիս ուսուցիչները կաշկանդվում են, օրինակ՝ մի փոքր բարձր խոսելու համար։ Ես դեմ եմ նաև նրան, որ ուսուցիչները վիրավորում են երեխաներին, խոսքը դրա մասին չէ, բայց մյուս կողմից էլ աշակերտական համայնքը իրեն զգում է ամենակարող, արդյունքում ստեղծվում է ամենաթողության մթնոլորտ։ Բոլոր դեպքերում ոչ մի լավ տեղ այս ամենը մեզ չի տանելու։ Ուսուցիչները դառնում են կաշկանդված, վախեցած, աշակերտները՝ ամենաթող։ Ուսուցիչները այսօր շատ թիրախավորված են։

– Ինչպե՞ս պետք է վարվի այն ծնողը, որի երեխային ուսուցիչը ենթարկել է բռնության։

– Գիտեք ինչ, եթե ուսուցիչը երեխային ծեծի է ենթարկում, և եթե իրավիճակը անվերահսկելի է, ուսուցչի հետ ծնողը զրույց է ունենում, սակայն եթե դա էլ չի օգնում, ապա ինչու չէ, կարելի է նաև իրավապահներին դիմել, բայց ինչպես ընտանիքի ներսում, կամ մտերմիկ շրջանակներում իրավապահների միջոցով հարցին լուծում տալը մի տեսակ անվստահության մթնոլորտ է ձևավորում սոցիալական միջավայրում։ Ներդաշնակությունը սկսում է անհետանալ, երբ մարդիկ միմյանցից սկսում են վախենալ։ Համագործակցության համար իրավիճակը նման դեպքերում դառնում է աննպաստ։ Ճիշտը այն է, որ մարդիկ վստահության մթնոլորտում համագործակցեն։ Բայց ամեն դեպքում լինում են արտառոց իրավիճակներ, երբ պատժի ձևերը դաժան են, և այդ պարագայում ես դեմ չեմ, որ հարցին միջամտեն իրավապահ մարմինները, սակայն դա չի կարելի դարձնել գործիք երկրում սպառնալիքի մթնոլորտ տարածելու, և սոցիալական միջավայրը առավել կաշկանդված դարձնելու համար։ Կրթական համակարգին չի կարելի նման հարվածներ հասցնել։ Պետք է այս հարցերը շատ ուշադիր վերլուծել։ Մեղմ ասած այս ամենից լավ հոտ չի գալիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *