Ամերիկայի Միացյալ Նահանգները եռօրյա դադարից հետո վերսկսել է հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ, ամերիկյան NBC News հեռուստաալիքի Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևը համագործակցում է բազմաթիվ դաշնակիցների հետ, սակայն ռուսական բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ բացառիկ տեղեկատվությանը տիրապետում է միայն ԱՄՆ-ն։ «Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Հիմա ամեն ինչ գործում է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին հույս ունի, որ գալիք շաբաթ ուկրաինական կողմը նոր հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար պատերազմի ավարտին ուղղված քայլերը։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը զգուշացրել էր Կիևին հետախուզական տվյալների հնարավոր դադարեցման մասին՝ Ուկրաինայից պահանջելով չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին և էներգետիկ օբյեկտներին։ Եվրոպական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները ենթադրում էին, որ այս դադարը Վաշինգտոնի կողմից օգտագործվում էր որպես ճնշման գործիք՝ խաղաղ բանակցությունների շրջանակում Կիևին զիջումների մղելու համար։ Հետախուզական տվյալների սահմանափակմանը զուգահեռ՝ Ուկրաինայի տարածքում արձանագրվել էին նաև Starshield (Starlink-ի ռազմական տարբերակը) արբանյակային տերմինալների աշխատանքի խափանումներ և դանդաղումներ։