Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ դիզելային գործարքը և երկրի նկատմամբ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելը բացատրել է խաղաղ բանակցությունների մեկնարկին հասնելու փորձով։
«Ռուսաստանի վերաբերյալ իմ որոշումը չափազանց պարզ է՝ ես խաղաղության բանակցություններ եմ վարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, և չեմ ցանկանում անել որևէ բան, որը կարող է հիմարաբար վանել Ռուսաստանին բանակցությունների սեղանից»,- գրել է ԱՄՆ նախագահն իր Truth սոցիալական ցանցում։
Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանը գրեթե ոչինչ չի անում Իրանին աջակցելու համար, թեև կարող էր, և ինքը կցանկանար պահպանել իրերի նման դրությունը։
Նա կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
«Զելենսկին հարվածներ է հասցնում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին՝ հրաշալի գիտակցելով, որ այդ հարձակումները լրջորեն վնասում են դիզելային վառելիքի համաշխարհային շուկան, այդ թվում՝ ԱՄՆ-ում»,- հայտարարել է նա։
Ռուսաստանը, Թրամփի խոսքով, «ցածր գներով միլիոնավոր բարել դիզելային վառելիք է մատակարարում համաշխարհային շուկա», սակայն Զելենսկիի համար «միևնույն է»։
Ուկրաինայի նախագահը, Թրամփի կարծիքով, գումար ստանալով Եվրոպայից և ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենից, «չի ցանկանում ավարտել այս պատերազմը և, հավանաբար, երբեք էլ դա չի ցանկացել»։
«Երկու տարի առաջ նա կարող էր ավելի շահավետ գործարք կնքել, քան հիմա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։