Լատվիայում Հայաստանից ներմուծված կանաչ թեյում ԵՄ-ում արգելված պեստիցիդի մնացորդներ են հայտնաբերվել։ Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայության լաբորատոր հետազոտության արդյունքում թեյում հայտնաբերվել է տոլֆենպիրադ, ինչպես նաև լամբդա-ցիհալոտրինի և թիամետոքսամի թույլատրելի սահմանները գերազանցող քանակներ։
Բացի այդ, Ղազախստանից ներմուծված մանանեխի սերմերում հայտնաբերվել է էրուկաթթվի թույլատրելի առավելագույն քանակի գերազանցում՝ 106 ± 11 գ/կգ։
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ ծանուցում է հրապարակվել Եվրամիության Արագ ահազանգման համակարգում։ Ապրանքների ներմուծումն արգելվել է։ Հայաստանից ներմուծված թեյը կոչնչացվի կամ կվերաարտահանվի երրորդ երկիր։