Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հրաժարվել է հրաժարական տալ


Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հրաժարվել է հրաժարական տալ՝ հայտարարելով, որ արդեն վեց օր շարունակվող բողոքի ցույցերը սպառնում են ոչ թե իր կառավարությանը, այլ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ուսանողների գլխավորած ցույցերը սկսվել են կառավարության ենթադրյալ կոռուպցիայի, աշխատատեղերի պակասի և կրթության ցածր որակի դեմ դժգոհությունների ֆոնին։ Շարժումը տարածվել է Տիրանայից դեպի այլ քաղաքներ՝ վերածվելով ավելի լայն հակակառավարական բողոքի։

Կիրակի օրը հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կրթության նախարարության շենքի մոտ և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և ռետինե փամփուշտներով։ Ցուցարարները նաև հրկիզել են պետական շենքեր, հարձակվել բանկերի վրա և կոտրել խանութների ցուցափեղկեր։

«Ալբանացիները պետք է հստակ մտածեն՝ արդյոք նրանք ցանկանում են այս ամենը, թե՞ ուզում են անդամակցել Եվրամիությանը»,- հայտարարել է Ռաման՝ ուսանողներին երկխոսության հրավիրելով։

Նշենք, որ նա երկիրը ղեկավարում է 2013 թվականից և անցյալ տարի հաղթել է չորրորդ ժամկետի համար անցկացված ընտրություններում։

Եվրահանձնաժողովը դատապարտել է Տիրանայում և այլ քաղաքներում բռնությունների կիրառումը՝ միաժամանակ ողջունելով իշխանությունների պատրաստակամությունը՝ պաշտպանելու բողոքի խաղաղ արտահայտման իրավունքը։

Ոստիկանության տվյալներով՝ ցույցերի ընթացքում քրեական իրավախախտումների մեղադրանքով անցնում է 388 մարդ։ Տասնյակ ոստիկաններ և ցուցարարներ վիրավորվել են։ Ալբանիան նպատակ ունի Եվրամիությանն անդամակցել մինչև 2030 թվականը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *