Մայր Աթոռը նամակ է հղել CSI International-ին

Հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր երախտագիտությունն ու օրհնություններն է հայտնել CSI International-ի նախագահ դոկտոր Ջոն Էյբներին և նրա գործընկերներին՝ 1700-ամյա կրոնական հաստատության ինքնավարությունը պաշտպանելու ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար։

«Մենք խորապես գնահատում ենք այն սկզբունքային և խիզախ մոտեցումը, որով CSI-ն անդրադարձել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության և ինքնակառավարման շուրջ առկա լուրջ մտահոգություններին», — ասվում է արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից ուղարկած նամակում։

«Այն ժամանակ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մեր հոգևորականները բախվում են լուրջ մարտահրավերների, այս հիմնարար սկզբունքների պաշտպանության օգտին հրապարակայնորեն և հստակ արտահայտվելու ձեր որոշումը մեզ համար խորապես կարևոր է»,– ասված է նամակում։

Նամակում հատուկ երախտագիշություն է փոխանցվել CSI-ին՝ սեպտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած զեկույցին հաջորդած հայտարարության համար։ Զեկույցում պնդվում էր, թե Եկեղեցում «ճգնաժամ» է, և ներկայացվում էր այն «լուծելու» կառավարության ծրագիրը։

Christian Solidarity International-ը ամբողջությամբ մերժել է այդ փաստաթուղթը՝ միաժամանակ կոչ անելով Փաշինյանի վարչակազմին դադարեցնել Եկեղեցու՝ օրենքով երաշխավորված ինքնավարությանը միջամտելու ավելի քան մեկ տարի շարունակվող արշավը։

Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նաև բարձր է գնահատել CSI-ի հեղինակած «Պաշարված եկեղեցի․ Հայաստանի անօրինական արշավը՝ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն լռեցնելու նպատակով» զեկույցը։

Օգոստոսին հրապարակված զեկույցում ընդգծվում էր ոչ միայն Եկեղեցու նկատմամբ իրականացվող համակարգված հալածանքը, այլև այս հաստատության կարևորությունը հայ ժողովրդի ինքնության և գոյության պահպանման գործում՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանական սպառնալիքների պայմաններում։

Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ նման պաշտպանությունը «կարևոր հիշեցում է, որ կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը պարզապես ներեկեղեցական հարց չէ, այլ հիմնարար մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարց»։

Նամակում նաև Մայր Աթոռը շնորհակալություն է հայտնել Christian Solidarity International-ին հայ ժողովրդի կողքին կանգնելու, հատկապես՝ Արցախի տեղահանված բնակչության ծանր վիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *