PROFAL. տարածաշրջանում բացառիկ՝ ճարտարապետական ապակու մշակման գործարան


Ալյումինե կառուցվածքների առաջատար Պրոֆալ (PROFAL) ընկերությունը շահագործման է հանձնել տարածաշրջանում բացառիկ՝ ճարտարապետական ապակու մշակման գործարան։ Ավելի քան 20 միլիոն դոլարի ներդրում պահանջած այս նախաձեռնությամբ միաժամանակ նպատակ կա տեղական արտադրանքը միջազգային որակական չափանիշներին համապատասխանեցնելու և արտահանման աշխարհագրությունը մինչև Միացյալ Թագավորություն ու եվրոպական երկրներ ընդլայնելու։

25-ամյակին ընդառաջ՝ ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունը գործարկել է տարածաշրջանում ճարտարապետական ապակու մշակման ամենամեծ գործարանը։ Քառորդ դար առաջ երեք ընկերոջ կողմից հիմնադրված ընկերությունն այսօր որակի նոր նշաձող է սահմանում Հայաստանում և սահմաններից դուրս։ Ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս նախագիծը ընկերության ռազմավարական քայլերից է՝ ուղղված արտադրական կարողությունների ընդլայնմանն ու արտահանման ծավալների ավելացմանը։

Գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև PROFAL-ի հայաստանյան և միջազգային գործընկերներ։ Վարչապետը շրջայց է կատարել նոր գործարանում՝ ծանոթանալով դրա տեխնիկական հագեցվածությանը, արտադրական հնարավորություններին և ընկերության ընդլայնման ծրագրերին։

Ինչպիսի՞ նոր հեռանկարներ և զարգացման հնարավորություններ է բացում այս գործարանը Հայաստանի համար, և ի՞նչ ծրագրեր կան տեղական ու միջազգային շուկաներում, մանրամասնում է ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը:

«Սա մեզ համար զարգացման նոր շրջան է։ Այս ներդրումներով մենք նոր դռներ ենք բացում թե՛ միջազգային արտահանման շուկաներում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում նոր ու հետաքրքիր նախագծերի իրականացման համար։ Այս ծրագրում արդեն իսկ կատարվել է 20 միլիոն դոլարից ավելի ներդրում,  նախատեսվում է ուղղել ևս 10 միլիոն դոլար: Վերջին տասնամյակում «Պրոֆալը» բավականին մեծածավալ արտահանումներ է իրականացրել տարբեր երկրներ. արտահանման աշխարհագրությունը շատ լայն է՝ մինչև ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, իսկ այժմ արդեն մուտք ենք գործում նաև Միացյալ Թագավորություն»։

Հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման և արտահանման խթանման կարևոր քայլ է նաև ՀՀ կառավարության աջակցությունը, որով 2026թվականի հոկտեմբերից մինչև 2028 թվականը PROFAL-ի արտահանման դեպքում եվրոպական գործընկերները կազատվեն մաքսատուրքերի վճարումից։

Գործարանի բացման արարողությունը նշանավորվում է մեկ այլ իրադարձությամբ ևս․  ընկերությունը համագործակցության պայմանագրեր է կնքում ֆրանսիական և բրիտանական գործընկերների հետ։ Մասնավորապես՝ PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ու ֆրանսիական SAS TERRITOIRE ընկերության հիմնադիր Պոլ Մագրանվիլը 30 միլիոն եվրոյի համագործակցության պայմանագիր են ստորագրում։

«Անկեղծ ասած՝ շատ տպավորված եմ։ Ես նման մեծ գործարան անգամ Ֆրանսիայում չեմ տեսել։ Ամեն ինչ շատ նոր է, ժամանակակից սարքավորումներով։ Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի շարունակական»

Էդգար Ավետիսյանը պայմանագիր է կնքում նաև Aluvista Systems ընկերության հիմնադիր Ջիմի Կուցոյի հետ՝ PROFAL-ի կողմից 20 հազար քառակուսի մետր դուռ-պատուհան մատակարարելու մասին։

«Alumil Group»-ի տնօրենների խորհրդի անդամ, սեփականատեր Ալեքսանդրոս Միլոնասը բարձր է գնահատում երկարամյա գործընկերության  համատեղ հաջողությունները։

«Արդեն 25 տարի է, ինչ մենք համագործակցում ենք։ Մենք հանդիսանում ենք գլխավոր մատակարարներից մեկը՝ իրականացնելով ալյումինի մատակարարումներ, և ես շատ եմ տպավորված մեր համագործակցությամբ։ Կարող եմ ասել, որ այս 25-ամյա համագործակցությունը չէր լինի, եթե չլինեին այստեղի ներկայացուցիչները՝ ազնիվ ու բարեվարք մարդիկ։ Նաև ուզում եմ նշել, որ ես ևս ներկայացնում եմ մեր համագործակցության արդեն երկրորդ սերունդը ։ Ուրախ եմ, որ կարողանում ենք այս համագործակցությունը շարունակել նաև միջազգային մակարդակով՝ համագործակցելով Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ»։

Անդրադառնալով նորաբաց ձեռնարկության ռազմավարական նշանակությանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարևորում է  նմանատիպ արտադրությունների դերը երկրի տնտեսության զարգացման գործում.

«Ես այս գործարանը հատկապես կարևորում եմ նաև այն տեսանկյունից, որ այն ամբողջությամբ համապատասխանում է պետության այսօրվա տեսլականին։ Ի՞նչ ենք մենք այսօր ուզում. մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանում ստեղծվի բարձր ավելացված արժեք, Հայաստանում ստեղծվեն տնտեսապես բարդ ապրանքներ։ Ապակու արտադրությունը, իհարկե, բավականին բարդ ոլորտ է, բայց այն, ինչ այստեղ արվում է, ապակու մշակման ամենավերջին փուլն է և ամենաբարդ հատվածը։ Եվ սա ամբողջությամբ մեր կառավարության ծրագրին և նպատակներին համահունչ լինելու մասին է»։

PROFAL-ի գործարանային համալիրի ընդհանուր տարածքը 120 հազար քառակուսի մետր է, որից 17 հազարն զբաղեցնում են ապակու արտադրությունն ու պահեստները։ Առաջիկա երկու տարում արտադրական տարածքները կհասնեն 40 հազար քառակուսի մետրի: Նպատակն է մեկ միասնական համալիրում կենտրոնացնել բոլոր գործընթացները՝ ստեղծելով նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ արտադրական գործարանը:

Գործարանի շահագործման արդյունքում արդեն ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, իսկ առաջիկա փուլում կստեղծվի ևս 100-ը: Արդյունքում՝ PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը կգերազանցի 600-ը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *