ԱՄՆ դոլարի գերակայությունը` միջազգային վճարումների համակարգում․ SWIFT-ի տվյալները

2026 թ․ օգոստոսին միջազգային ֆինանսական հաղորդագրությունների SWIFT համակարգով իրականացված վճարումների ընդհանուր արժեքի մոտ 52%-ը բաժին է ընկել ԱՄՆ դոլարին։

SWIFT-ի հրապարակած տվյալները վկայում են, որ դոլարը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել միջազգային ֆինանսական գործարքներում՝ չնայած այլընտրանքային վճարային համակարգերի զարգացմանը․

Երկրորդ տեղում եվրոն է՝ մոտ 21% մասնաբաժնով։ Այսպիսով, դոլարին և եվրոյին միասին բաժին է ընկնում SWIFT-ով իրականացված վճարումների արժեքի մոտ 74%-ը։

Երրորդ տեղում բրիտանական ֆունտն է՝ մոտ 6%-ով, որին հաջորդում են ճապոնական իենը՝ մոտ 4%, չինական յուանը՝ մոտ 3%, և կանադական դոլարը՝ մոտ 3%։ Մնացած արժույթների համախառն մասնաբաժինը կազմում է մոտ 11%։ 


Անկում` արդյունաբերությունում, չնչին աճ` առևտրաշրջանառության ծավալներում. օգոստոսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Հատկանշական է չինական յուանի համեմատաբար փոքր մասնաբաժինը։ Չնայած համաշխարհային առևտրում Չինաստանի նշանակալի դերակատարությանը՝ երկրի ազգային արժույթը միջազգային վճարումների այս համակարգում դեռևս զգալիորեն զիջում է դոլարին և եվրոյին։

Դոլարի գերակայությունն առավել ակնհայտ է դառնում, երբ հաշվարկից բացառվում են եվրոգոտու ներսում կատարված վճարումները։ Այս դեպքում ԱՄՆ դոլարի մասնաբաժինը բարձրանում է մինչև 60%, իսկ եվրոյինը` նվազում՝ հասնելով մոտ 13%-ի։ 

Ստեղծված իրավիճակը պայմանավորված է դոլարի նկատմամբ միջազգային վստահությամբ, ֆինանսական շուկաների խորությամբ և համաշխարհային առևտրում արժույթի լայն կիրառմամբ։ Միաժամանակ աշխարհաքաղաքական լարվածությունը և ֆինանսական պատժամիջոցները խթանում են ազգային արժույթներով հաշվարկների ու այլընտրանքային վճարային ենթակառուցվածքների զարգացումը։

  • Այնուամենայնիվ, ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային վճարումների արժութային կառուցվածքի էական փոփոխությունը դեռևս բարդ և երկարաժամկետ գործընթաց է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *