
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը. «Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի: Ամեն տարի ապրիլի 24-ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև, ու ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։
Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։
Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։ Պետությունն ու խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառ․ կիլոմետր տարածքից դուրս»։